Մատչելիության հղումներ

Շինարարական ընկերության տնօրենը բողոքում է անարդարությունից


Շինարարություն Երեւանում
Շինարարություն Երեւանում
Շինարարությամբ զբաղվող «Օրբիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արամ Զարգարյանը մի քանի դիմում է հղել երկրի բարձրաստիճան ղեկավարությանը, մեկ դիմում էլ ուրբաթ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանին է ուղարկել: «Օրբիս»-ի տնօրենի մտահոգությունը, ինչպես ինքն է ասում, շինարարության ոլորտում տիրող անարդարություններն ու կոռուպցիան են:

Արամ Զարգարյանը մասնակցել է տարբեր կազմակերպություններում իրականացված տենդերների եւ պնդում է, որ այդ մրցույթները արդար եւ թափանցիկ չեն անցկացվում:

«Սեպտեմբեր ամսին ես մասնակցել եմ Սոցիալական ներդրումների հիմնադրամի տենդերին` Առատաշեն գյուղի մշակույթի տան վերակառուցման աշխատանքների, չեմ շահել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Զարգարյանը` մանրամասնելով. - «Չնայած որ ես 9 միլիոն պակաս գումար էի դրել հաղթողից, էլի ես չշահեցի: Նախահաշիվն էլ բարձր հաշված` նախօրոք իմանալով` ում համար են հաշվում եւ ով պիտի հաղթի այդ տենդերում»:

Նրա խոսքով` իրեն ներկայացված փաթեթում նույնիսկ ինչ-որ կարեւոր փաստաթուղթ է պակասել:

Սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հետեւյալ պարզաբանումները տվեց. - «Իրեն մենք գրավոր պատասխան տվել ենք, եւ դա արվել է` իրեն որ մերժել են, զուտ Համաշխարհային բանկի գործող ընթացակարգին համապատասխան, եւ մենք իրավունք չունենք այդ ընթացակարգերը խախտելու: Համաշխարհային բանկի պահանջներին համաձայն` հայտի ապահովման հայտարարագիրը պետք է լինի պարտադիր: Այստեղ գրված է, որ չկա այդ փաստաթուղթը, եւ սա էլ` իրենց ներկայացուցչի ստորագրությունը, որ ինքը վկայում է, որ չկա»:

Հաստատելով, որ «Օրբիս» ընկերության գնառաջարկը ավելի ցածր է եղել, քան հաղթողինը` «մոտավորապես 8 միլիոն պակաս է եղել` 8 միլիոն 800 հազար», Կիրակոսյանը հավելեց. - «Համաշխարհային բանկի ինստրուկցիային համաձայն այսպես է. որակավորված` ովքեր որ հավասար պայմաններ որակավորված ունեն, այդ թղթերը եւ կատարված աշխատանքը, նոր իրենց ամենացածր գնին է տրվում: Եթե մենք այս կետը խախտեինք` մեզ վրա կարող էին բողոքել, ասել, որ մենք Համաշխարհային բանկի օրենքը խախտել ենք»:

Հարցին` բացառո՞ւմ է արդյոք, որ ոլորտում կոռուպցիա կա, Աշոտ Կիրակոսյանը արձագանքեց. - «Կոռուպցիոն երեւույթների մասին եթե ես ասեմ` այդպես չէ, սխալ կլինի: Անառողջ խոսակցությունները բայց ավելի շատ են, քան թե իրականում կա դա»:

«Օրբիս» ընկերության տնօրենը դժգոհում է ոչ միայն Սոցիալական ներդրումների հիմնադրամի անցկացրած մրցույթներից: «Տենդերը գնում էր [Պետական գնումների] գործակալության, համար 84 դպրոցի վերանորոգման աշխատանքներ էր Երեւանում: Առաջին հերթին մոտեցան այն շինարարները, որ այդ գործի մի մասն արել են արդեն: Բայց ես չհամոզվեցի, մասնակցեցի, եւ քաղաքաշինության հանձնաժողովի գլխավորությամբ հենց առաջինը մերժվեց իմ հայտը` առանց որեւիցե պատճառի: Ես ստիպված եղա դիմել ֆինանսների նախարարություն, այսօր դիմել եմ վարչապետին եւ մինչեւ վերջ պիտի պայքարեմ այս անարդարությունների դեմ», - վստահեցրեց Արամ Զարգարյանը:

Պետական գնումների գործակալության պետի տեղակալ Արթուր Առաքելյանի փոխանցմամբ` «Օրբիս» ընկերության հայտը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մրցույթի հրավերով պահանջվող աշխատանքների վերջնաժամկետը չի համընկել առաջարկվող վերջնաժամկետին:

Արամ Զարգարյանը, սակայն, պնդում է, որ մրցույթներում առանց բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության դժվար է հաղթել:

«Ես ասեմ` չինովնիկներն ովքեր են. չինովնիկները` Աղվան Հովսեփյանն է, Ալիկ Սարգսյանն է, Հովիկ Աբրահամյանն է` նրա շինարարական կազմակերպություններն են, «Արտաշեսշին»-ն է հիմնականում շահում ամեն տեղ, Հովիկ Աբրահամյանի ... նա է էլի հովանավորում: Այսօր նա անում է Շամշադինում ոստիկանության շենքը, Իջեւանի հիվանդանոցը շահեց ու մեծ գներով կատարեց: Ու պատվիրատուներն էլ են մեզ վախեցնում, որ «մեկ է, չենք թողնի», - հայտարարեց «Օրբիս» ընկերության տնօրենը:

Վարչապետին ուղղած դիմումում Զարգարյանը նաեւ ներկայացրել է առաջարկներ, որոնք, իր խոսքով, միտված են ավելի պարզեցնելու եւ թափանցիկ դարձնելու մրցույթների անցկացման պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG