Մատչելիության հղումներ

Կայացավ նաեւ հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը


Միասնական քննության անցկացման համար ձեւավորվել է 43 քննականկենտրոն, որոնցից 4-ը` Լեռնային Ղարաբաղում: Հանրապետությունում շուրջ 11.000 դիմորդ հունիսի 4-ին քննություն հանձնեց հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից, որի արդունքները կհրապարակվեն 5 օր հետո:


ԵՊՀ-ում տեղակայված քննակենտրոնում քննություն հանձնեցին 358 դիմորդներ, բացակա էին 17–ը: Հարգելի պատճառներով բացակա դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել հուլիսին կայանալիք քննությունների լրացուցիչ փուլին: Դիմորդները կարող են քննասենյակից դուրս գալ միայն բացառիկ դեպքերում, այն էլ` քննակենտրոնի հսկողների ուղեկցությամբ:

Դիմորդներից շատերը, «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում պատմեցին, որ առնվազն 2 տարի պարապել են կրկնուսույցի մոտ: Թեստային համակարգով քննությունների ընթացքից դիմորդները չեն դժգոհում` նշելով, որ թեստերն ավելի են հեշտացնում իրենց գործը:

Հունիսի 1-ին մեկնարկած առաջին միասնական քննությունների` աշխարհագրության, ընդհանուր պատմության եւ կենսաբանության արդյունքներն, ըստ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, հուսադրող չեն. դիմորդների 22 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմն ու անբավարար է ստացել:

«Հատկապես կենսաբանություն առարկայից արդյունքները գոհացուցիչ չեն» – ասաց Խաչատրյանը:

Պետական ավարտական եւ փոխադրման քննությունները մեկնարկել են հունիսի 2-ից եւ կավարտվեն հունիսի 23-ին: Հունիսի 8-ին՝ միասնական ավարտական քննություն կանցկացվի ֆիզիկա առարկայից, 11-ին՝ օտար լեզու, 15-ին՝ մաթեմատիկա, 19-ին՝ քիմիա եւ հայոց պատմություն, իսկ 23-ին` ռուսաց լեզու առարկայից:

XS
SM
MD
LG