Մատչելիության հղումներ

Հայ եկեղեցին հայց է ներկայացրել Լոս Անջելեսի «Գեթի» թանգարանի դեմ


Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ-ի Արեւմտյան թեմը Լոս Անջելեսում դատական հայց է ներկայացրել «Ջ. Փոլ Գեթի» թանգարանի դեմ` պահանջելով վերադարձնել 1256 թվականի հայերեն Աստվածաշնչից պոկված 7 էջերը:

«Ասոշիեյթեշդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հինգշաբթի օրը ներկայացրած հայցում Հայ եկեղեցու թեմը պնդում է, որ 1947 կամ 1948 թվականներին Աստվածաշնչի իսկությունը հաստատելուց հետո այն եկեղեցուն է վերադարձվել առանց հիշյալ էջերի, եւ հայտնում է, որ էջերը գողացողի անձը այդպես էլ չի պարզվել:

«Գեթի» թանգարանի խոսնակ Ջուլի Ջասքոլը, այդուհանդերձ, հայտարարել է, որ թանգարանը ձեռք է բերել Աստվածաշնչի 7 էջերը օրինական ճանապարհով` 1994 թվականին մի անանուն մասնավոր կոլեկցիոներից:

Միջնադարյան հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի պատկերազարդած էջերը ժամանակին մաս են կազմել որպես Զեյթունի Ավետարան հայտնի ձեռագրի, որը ներկայումս պահպանվում է Երեւանի Մատենադարանում:

Երեւանի Մատենադարանից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին, որ իրենց մոտ պահպանվող Զեյթունի Ավետարանից պակասում է 7 էջ:

Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրատան վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանի փոխանցմամբ` Զեյթունի Ավետարանը անհետացել էր Հայոց ցեղասպանության տարիներին, իսկ ի վերջո Հայաստանում հանգրվանել է առանց հիշյալ 7 էջերի, որոնց բացակայության մասին Մատենադարանում տեղյակ են եղել արդեն իսկ 1980-ականներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG