Մատչելիության հղումներ

Թատերական նոր փառատոն` բացառապես Աղասի Այվազյանի գործերի հիման վրա


18 հայկական թատրոններ հոկտեմբերի 18-28 կմասնակցեն արձակագիր Աղասի Այվազյանի դրամատուրգիային նվիրված թատերական փառատոնին: Կբեմադրվեն Այվազյանի պիեսները ու առաջին անգամ հայաստանյան գրեթե բոլոր բեմերից կներկայացվեն ստեղծագործություններ, որոնց հեղինակ Աղասի Այվազյանը այս տարի կդառնար 85 տարեկան:

Փառատոնի կազմկոմիտեի նախագահը Այվազյանի կինն է` Գրետա Վերդյան-Այվազյանը, ժյուրիի նախագահը` Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Փառատոնի մասնակից ներկայացումները կգնահատի ժյուրին, որի կազմում են Դավիթ Մուրադյանը, Կարինե Խոդիկյանը, Արմեն Վաթյանը, Անի Փաշայանը, Լեւոն Մութաֆյանը, Ազատ Գասպարյանը եւ թատերական ու գրական աշխարհի այլ ներկայացուցիչներ: Մասնակցել կարող են բոլոր թատրոնները:

«Առայժմ կարելի է ողջունել բոլոր ցանկացողներին, հետագայում գուցե ընտրելու կարիք լինի: Այդուհանդերձ, չեմ կարծում, թե անգամ անհաջող բեմադրությունները հեղինակազրկեն Աղասի Այվազյանի անունը», - ասաց ժյուրիի նախագահ Ռուբեն Բաբայանը

Փառատոնի համար որոշակի գումար է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությունը, որը, սակայն, կազմկոմիտեի տնօրեն Ռուբեն Փաշայանի կարծիքով` մեծ դժվարությամբ կարող է իրականացնել գովազդային ծրագիրը:

Այս տարի տպագրվել է նաեւ Աղասի Այվազյանի «Խորքի խորություն» նովելների ժողովածուն: Շապիկի վրա եւ գրքում տեղ գտած բոլոր գեղանկարները հենց Աղասի Այվազյանինն են:

Հոկտեմբերին կայանալիք այվազյանական փառատոնի պատվավոր հյուրերը կլինեն Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը, Արմեն Ջիգարխանյանը, Պերճ Զեյթունցյանն ու Տիգրան Մանսուրյանը:

XS
SM
MD
LG