Մատչելիության հղումներ

Ադրբեջանում բանտարկված լրագրողին ազատ արձակելու ջանքերը շարունակվում են


Էյնուլա Ֆաթուլաեւը դատարանում, Բաքու, 2-ը հունիսի, 2010թ.
Էյնուլա Ֆաթուլաեւը դատարանում, Բաքու, 2-ը հունիսի, 2010թ.

Հինգշաբթի օրը Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվելու, որի մասնակիցները պահանջելու են վերջ տալ Ադրբեջանում բանտարկված լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի դատական հետապնդումներին եւ ազատ արձակել նրան։

Amnesty International կազմակերպության բրիտանական մասնաճյուղի, Article 19 կազմակերպության, անգլիական PEN կենտրոնի եւ «Գրաքննության ինդեքս» կազմակերպության անունից, ճանաչված գրողների, մտավորականների կողմից ստորագրված մի նամակ է հանձնվելու Ադրբեջանի դեսպանատանը։

Իսկ Էյնուլա Ֆաթուլաեւը մեկ օր առաջ հացադուլ է հայտարարել: Բաքվի Գարադաղ շրջանի դատարանի նիստում, որտեղ ընթանում է «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագրի դատավարությունը, նա ասել է, թե հացադուլ է հայտարարում` պահանջելով կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։

Ապրիլի 22-ին Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել էր, որ խախտվել են Էյնուլա Ֆաթուլաեւի արտահայտվելու ազատության ու արդար դատավարության իրավունքները, եւ պաշտոնական Բաքվին կոչ էր արել ազատել նրան։

Սակայն Ադրբեջանը անտեսում է Եվրադատարանի որոշումը: Եվրադատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Էսքերովը հայտարարել էր, թե իր երկրի օրենսդրությունը չի նախատեսում կալանավորի ազատում Եվրադատարանի որոշման հիման վրա։

2007 թվականին Ֆաթուլաեւը 8.5 տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչության, ազգամիջյան թշնամանքի, հարկերից խուսափելու մեղադրանքներով։ Նույն 2007-ին ավելի վաղ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել նաեւ Խոջալուի ադրբեջանցի բնակիչների սպանությունների մասին սխալ տեղեկատվություն հաղորդելու մեջ։

Անցյալ տարեվերջին, երբ Եվրադատարանը սկսեց քննել լրագրողի գործը, Ֆաթուլաեւի դեմ նոր գործ բացվեց. դեկտեմբերին մեկուսարանի պահակախումբը նրա խցի խուզարկման ժամանակ 20 գրամ հերոին հայտնաբերեց, եւ հիմա ընթանում է այդ գործով դատավարությունը։

Էյնուլա Ֆաթուլաեւն ու իրավապաշտապան մի շարք կազմակերպություններ հայտարարում են, որ թմրանյութը հենց պահակներ են խուցը գցել։

2009 թվականին Amnesty International-ի հատուկ` «Չնայած սպառնալիքներին լրագրողական գործունեության համար» մրցանակը հանձնվել է Էյնուլա Ֆաթուլաեւին։
XS
SM
MD
LG