Մատչելիության հղումներ

Վրաց ընդդիմությունը փնտրում է պարտության պատճառները


Իրակլի Ալասանիան ընտրարշավի ժամանակ, Թբիլիսի, 27-ը մայիսի, 2010թ.
Իրակլի Ալասանիան ընտրարշավի ժամանակ, Թբիլիսի, 27-ը մայիսի, 2010թ.

Վրաց ընդդիմությունը փորձում է վերլուծել կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Պարտության պատճառին վերաբերող հարցին ընդդիմության տարբեր հատվածներ տարբեր կերպ են պատասխանում:

«Հանուն Վրաստանի» դաշինքի ղեկավար Իրակլի Ալասանիան, որը ստանալով քվեների մոտ 20 տոկոսը` Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց, հայտարարել է. - «Նախընտրական ողջ արշավն ընթանում էր իշխող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ճնշման ներքո: Քաղաքական այս ուժը անհավանական ծավալների վարչական ու ֆինանսական լծակներ օգտագործեց, բայց բուն քվեարկության օրը Թբիլիսիում անցավ առանց լուրջ խնդիրների: Ժողովուրդը մեզ ընտրեց որպես գլխավոր ընդդիմադիր ուժ եւ հիմնական քաղաքական այլընտրանք: Մենք շարունակելու ենք մեր պայքարը թե' Թբիլիսիում եւ թե' Վրաստանի ողջ տարածքում: Մեր դաշինքը վերլուծելու է անցած ուղին: Այս ամիսներին մենք քաղաքական մեծ փորձ ձեռք բերեցինք: Այդ փորձը մենք կօգտագործենք մեր հետագա պայքարում եւս»:

Քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդներից Գեորգի Ախվլեդիանին պարտության հիմնական պատճառ է համարում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին ընդդիմացող քաղաքական ուժերի մասնատվածությունը:

«Ընդդիմադիր կուսակցությունները իրենց հիմնական ժամանակը վատնեցին ոչ թե կառավարության, այլ միմյանց դեմ պայքարի վրա: Միակ կուսակցությունը, որ պաքար էր ծավալել նաեւ Թբիլիսիից դուրս, քրիստոնեա-դեմոկրատներն էին: Կարող եմ ասել, որ դա անհավասար պայքար էր», - նշում է Ախվլեդիանին:

Դիտորդների կարծիքով, վրացական վերջին ընտրությունները անցան քաղաքացիների մեծամասնության ակնհայտ պասիվության պայմաններում: Դա զգալի էր հատկապես այն շրջաններում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, իսկ հայերի պարագայում գումարվում էր նաեւ նրանց գրեթե լիակատար բացակայությունը կուսակցական ցուցակներում:

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թբիլիսիի հայկական ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը ասել էր, որ հայկական մի շարք կազմակերպությունների` ընտրությունները բոյկոտելու կոչը կարծես անարձագանք չմնաց:

«Այն տեղամասերում, որտեղ հայերն են կոմպակտ բնակվում, ընտրազանգվածի մասնակցության ցուցանիշն ամենացածրն էր: Ես համոզված եմ, որ կուսակցությունները կնկատեն հայկական համայնքի նման վերաբերմունքը», - ընդգծել էր Ստեփանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG