Մատչելիության հղումներ

Դոնի Ռոստովում կայացավ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Դոնի Ռոստովում, 1-ը հունիսի, 2010թ.
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Դոնի Ռոստովում, 1-ը հունիսի, 2010թ.
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները Դոնի Ռոստովում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են մի շարք տնտեսական խնդիրներ, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հանդիպման մեկնարկին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Դմիտրի Մեդվեդեւը։

«Այժմ մենք Ձեզ հետ աշխատանքային հանդիպում կանցկացնենք` ներկայիս իրավիճակի շուրջ մտքեր փոխանակելու նպատակով, քանի որ կա նման անհրաժեշտություն», - հայտարարել է նախագահ Մեդվեդեւը եւ հավելել. - «Անշուշտ, կան տնտեսական հարցեր, որոնք միշտ քննարկվում են Ձեր` Ռուսաստան եւ իմ` Հայաստան կատարած այցերի ընթացքում»։

Ռուսաստանի նախագահը նաեւ հաղորդել է, որ մտադիր է հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանին ներկայացնել եվրոպացի գործընկերների հետ ունեցած իր հանդիպումների արդյունքները, այդ թվում` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ։ «Ձեզ հաղորդելու, Ձեզ հետ կիսվելու բան կա», - ասել է Ռուսաստանի նախագահը, ով նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին` Հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար։ Մեդվեդեւի խոսքով, դա ցույց է տալիս «երկու երկրների մտերմության աստիճանն ու ռազմավարական հարաբերությունների առաջընթաց զարգացումը»։

Իր հերթին, նախագահ Սարգսյանը ընդգծել է երկկողմ հանդիպումներ անցկացնելու կարեւորությունը եւ նշել, որ հպարտությամբ է մասնակցել Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ «Ես հպարտ էի, եւ այդ շքեղ ռազմահանդեսը հրաշալի վկայություն էր մեր ընդհանուր պատմության եւ մարտական եղբայրության», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` ասել է Սերժ Սարգսյանը։

«Պաշտոնական Մոսկվան փորձում է Արեւմուտքին ցույց տալ իր առանցքային եւ կարեւոր դերակատարությունը ոչ միայն ղարաբաղյան խնդրի կարգավորման, այլեւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ - «Այս հանդիպումը Ռուսաստանի դիվանագիտական պատասխանն է Միացյալ Նահանգներին ապրիլին կազմակերպած գագաթնաժողովի համար, որտեղ Հայաստանի նախագահը հանդիպեց Թուրքիայի վարչապետին: Այժմ հանդիպման հրավիրելով Հայաստանի նախագահին` Ռուսաստանը փորձում է ցույց տալ իր դիվանագիտական կարեւորությունը եւ նշանակալիությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ նոր ջանքեր գործադրել այժմ ժամանակավորապես սառեցված հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ»:

Հայաստանցի վերլուծաբանների համոզմամբ` Մեդվեդեւ - Սարգսյան հանդիպումը բխում է նաեւ Երեւանի շահերից:

«Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի նախագահը կարողանա տեղեկություններ ստանալ խնդրի շուրջ իրականացվող վերջին հանդիպումներից ու բանակցություններից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը:

Հանդիպումը, ըստ փորձագետների, կարող է պայմանավորված լինել նաեւ հաշտեցման գործընթացը առաջ տանելու Անկարայի վերջին նախաձեռնություններով, որոնց ընդդիմանում է Երեւանը:

«Այս այցի ընթացքում Հայաստանի նախագահը թերեւս կփորձի եւս մեկ անգամ ներկայացնել Հայաստանի տեսակետներն ու հստակեցնել Ռուսաստանի դիրքորոշումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կովկասյան ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանը:

Ըստ վերլուծաբանների հանդիպման ընթացքում առանցքային է եղել նաեւ Ղարաբաղյան կարգավորումը:

«Սա հատկապես կարեւոր է ռուս-ադրբեջանական հարաբերությունների` վերջին շրջանում նկատվող ջերմացման առումով: Ամենահետաքրքիրն այստեղ Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցն էր Մոսկվա, որը տեղի ունեցավ ընդամենը 10 օր առաջ:Կարծում եմ, որ այս հանդիպումը ոչ թե ընդամենը հայ-ռուսական հարաբերությունների շուրջ է, այլ վկայում է այն բավական մեծ օրակարգի մասին, որ ունի Ռուսաստանը տարածաշրջանի վերաբերյալ», - ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG