Մատչելիության հղումներ

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենը հեռացվեց աշխատանքից


Ցույց դատարանի շենքի` սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ուսուցչին խիստ պատժի ենթարկելու պահանջով, Երեւան, 19-ը մայիսի, 2010թ.
Ցույց դատարանի շենքի` սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ուսուցչին խիստ պատժի ենթարկելու պահանջով, Երեւան, 19-ը մայիսի, 2010թ.
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից ազատվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը:

Այս դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը վերջերս 2 տարվա ազատազրկման դատապարտվեց` նույն դպրոցի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար։ Այդուհանդերձ, դպրոցի նախկին սաներն ու իրավապաշտպանները այս պատիժը մեղմ են համարում, ինչպես նաեւ պահանջում էին տնօրենի հրաժարականը:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց. - «Մեր քննարկման արդյունքում եկել ենք եզրակացության, որ եթե այդ արարքը տեղի է ունեցել, եւ այդ ժամանակ ղեկավարել է դպրոցը Մերուժան Ենգիբարյանը, ուրեմն` անվստահություն է հայտնվել նրա աշխատանքի նկատմամբ»:

«Տեղյակ է եղել թե ոչ [Ենգիբարյանը կատարվածին]` եթե դու ղեկավարում ես մի հիմնարկություն, եւ քո հիմնարկությունում նման արարք է թույլատրվում, դա արդեն պատժելի արարք է դառնում տվյալ տնօրենի համար», - ընդգծեց Նարինե Հովհաննիսյանը` հավելելով. - «Իհարկե պատասխանատու է` յուրաքանչյուր երեխայի համար տնօրենը պատասխանատու է, նրա ամեն օրվա համար»:

Հարցին` հետազոտություններ անելո՞ւ են արդյոք այլ դպրոցներում, կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը արձագանքեց. - «Հիմա հասարակական կազմակերպությունների խորհրդատվական հանձնաժողով ենք ստեղծել, որոնք պետք է աշխատեն մեզ հետ, մոնիտորինգներ անեն այդ հատուկ դպրոցներում եւ ամենօրյա վերահսկողության տակ պահեն` մեզ հետ միասին, այդ դպրոցները»:

Երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, մինչդեռ, պնդում է, որ Ենգիբարյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, «եթե նա տարիներ շարունակ պղծել է երեխաների ճակատագրերը»:

«Քսան տարի շարունակ իրեն երեխաները օգնության են կանչել, պատմել են Ավագյանի մասին, խնդրել են ազատի ճանկերից, իսկ նրա այդ տարօրինակ պահվածքը միայն շատացնում է կասկածը, որ նա լուռ մասնակցել է հանցագործությանը: Մենք դատապարտում ենք տնօրենի դաժան, անմարդկային, բռի վերաբերմունքը երեխաների նկատմամբ եւ իրավապահներից պահանջում ենք բոլոր առկա փաստերը հաշվի առնելով քրեական գործ հարուցել», - ասված է Սուխուդյանի տարածած հայտարարությունում:

«Երբ իմ դեմ էր գործ հարուցված, ունեմ բազմաթիվ ցուցմունքներ` գրած տնօրենի կողմից, թե իբր ես եմ այս ամբողջ պատմությունը հորինել, քանի որ մեկ միլիոն եմ իրենից ուզեցել պոկել, չստանալով` թշնամացել եմ դպրոցի` իր, Ավագյանի հետ, այսինքն նա արդեն զրպարտել է ինձ իր կեղծ ցուցմունքներում», - ընդգծում է երիտասարդ ակտիվիստը` հավելելով. - «Ավագյանի երկու տարվա ազատազրկումը եւ իմ նկատմամբ անհիմն անտրամաբանական մեղադրանքը, որը մոտ հինգ տարի ազատազրկում էր պահանջում, կրկին տեղիք է տալիս մտածելու, որ հենց սկզբից գործել է հանցագործների մի խումբ, որը միտված է եղել լռեցնելու իրականությունը` պատժելու բարձրաձայնողներին»:
XS
SM
MD
LG