Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունը պարտվեց. Գիգի Ուգուլավան մնում է Թբիլիսիի քաղաքապետ


Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավա
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավա
Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը։ Միջազգային դիտորդները քննադատել են անցկացված ընտրությունները՝ բարձրաձայնելով «նշանակալի բացթողումների» մասին։

Վրաստանի 64 համայնքներում կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի ունեցան։ Նախնական արդյունքներով քվեարկել է ընտրողների 49 տոկոսը։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստացել է մինչեւ այժմ հաշվարկված ձայների 61 տոկոսը։ Ընդդիմադիր «Ալյանս հանուն Վրաստանի» եւ «Քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցությունները ստացել են 12-ական տոկոս ձայներ։

Այս ընտրություններում առանձնապես կարեւորվում էին Վրաստանի մայրաքաղաքի ինքնակառավարման մարմինների ընտրությունները, քանի որ առաջին անգամ ուղղակի քվեարկությամբ ընտրվում է Թբիլիսիի քաղաքապետը։

Մայրաքաղաքում Սահակաշվիլիի աջակցությունը վայելող Գիգի Ուգուլավան` գործող քաղաքապետը, կշարունակի պաշտոնավարել՝ ստանալով քվեների 54,79 տոկոսը: Երկրորդ տեղում է ընդդիմադիր «Ալյանս Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, ում օգտին քվեարկել է ընտրողների 19,1 տոկոսը։

Նույնատիպ արդյունքներ են գրանցվել նաեւ Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընտրություններում. քաղաքապետին սատարող կուսակցությունը հավաքել է քվեների 51,61 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Ալյանս Վրաստանի համար» կուսակցությունը՝ 18,22 տոկոսը։

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ակնհայտ առաջընթաց էին միջազգային չափանիշներին բավարարելու ուղղությամբ, սակայն կային նշանակալի բացթողումներ», - ասված է ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացած ԵԱՀԿ-ի կողմից երկուշաբթի հրապարակված հայտարարությունում, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ ԵԱՀԿ-ի դիտորդները արձանագրել են քվեատուփերի լցոնումների դեպքեր։ Հայտարարությունում խոսվում է նաեւ այն մասին, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմաններ չեն ստեղծվել։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանի հայկական ասամբլեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանը խոսեց, մասնավորապես, Ջավախքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին։ Նա նաեւ հիշեցրեց, որ հայերը նախապես հայտարարել էին այս ընտրություններին կուսակցական ցուցակները բոյկոտելու մասին՝ դրանցում հայ թեկնածուների բացակայության պատճառով: Ինչպես նշում է Ստեփանայանը, դա իրենց հաջողվել է:

«Այն շրջաններում, որտեղ հայերն են ապրում, ընտրողների ակտիվությունը ամենացածրն էր` եթե համեմատենք նախկին ընտրությունների հետ։ Կուսակցությունները հայկական համայնքին անտեսելու արդյունքը կհասկանան», - վստահեցրեց Վրաստանի հայկական ասամբլեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG