Մատչելիության հղումներ

Չնայած դրամի արժեւորմանը` ներկրվող սննդամթերքը չի էժանանում


Նախորդ երկու ամիսներին` ապրիլ-մայիս ժամանակահատվածում, առաջին անհրաժեշտության ներկրվող 13 սննդատեսակները Հայաստանում մարտ ամսվա համեմատ թանկացել են 10-15 տոկոսով: «Ազատություն» ռադիոկայանին նման տվյալներ փոխանցեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը:

Նրա խոսքով` այդ թվերը ստացվել են այս ապրիլի 1-ից միջազգային դոնորների աջակցությամբ իր գլխավորած կազմակերպության կողմից իրականացվող մոնիտորինգի արդյունքում, որի ժամանակ դիտարկվել է ներմուծվող 13 սննդատեսակների, այդ թվում` ձեթի, կարագի, բրնձի, այլուրի գների դինամիկան:

«Մարտին կայացած` դրամի արժեզրկումից հետո միանշանակ սպասվում էր, որ կլինի որոշակի ներկրվող ապրանքների, համենայն դեպս, [գների] աճ, դա եղավ` ավելացան գրեթե բոլոր ներկրվող սննդամթերքի գները, եւ ոչ միայն սննդամթերքի` ոչ պարենային ապրանքները նույնպես թանկացան», - ասաց Եղոյանը` հավելելով. - «Հետո ստացվեց այնպես, որ հակառակ պրոցեսը եղավ, եւ տվյալ ապրանքների գները մնացին նույնը, եւ այսօր արժեզրկվեցին դրամի նկատմամբ ե'ւ դոլարը, ե'ւ եվրոն, ընդ որում` եվրոն ավելի շատ, զգալի` եթե նախկինում եղել էր մոտ 10-15 տոկոս, հիմա արդեն 20-ից անցել է, իսկ տվյալ ապրանքների գները ոչ մի ներկրող ցանկություն չունի իջեցնելու»:

Մարտի վերջին - ապրիլի սկզբին մեկ դոլարն արժեր 400-410, եվրոն` 540-550 դրամ, իսկ այսօր դոլարի փոխարժեքը 380-ից պակաս է, եվրոյինը` մոտ 465 դրամ: Ապրիլի առաջին տասնօրյակից հետո դրամը միայն արժեւորվել է:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպության նախագահը համոզմունք հայտնեց, որ այս պարագայում անելիք ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը. - «Եղել է գնաճ, եւ գնաճը եղել է հստակ դրամի արժեզրկումից, բայց դրանից հետո եղել է փոփոխություն: Հիմա ստացվում է այնպես, որ գները բարձրացել են օբյեկտիվ պատճառով, բայց չեն իջնում կարտելային համաձայնությամբ, որովհետեւ չեն իջեցնում բոլորը»:

Թե ինչու է հայաստանյան շուկայում նման իրավիճակ` Աբգար Եղոյանը ունի իր կարծիքը. - «Մեր տնտեսության մեջ սոցիալական արդարության որեւիցե մի նշույլ անգամ չի երեւում: Այսինքն, այնտեղ, որտեղ որ չկա հստակ շուկայական մեխանիզմ եւ որտեղ կա հնարավորություն ինչ-որ ձեւով գինը բարձրացնել` թեկուզ մեկ ամիս, երկու ամիս պահել բարձրի վրա, այդտեղ տնտեսվարողները դրանից օգտվում են: Եվ երկիրը չունի այնպիսի մեխանիզմ, որով կարողանար հստակ կարգավորել սա»:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպության նախագահը նաեւ ասաց, թե իրենք ձեռնամուխ են եղել վերոհիշյալ մոնիտորինգի իրականացմանը ոչ միայն գների տատանումները հասկանալու նպատակով:

«Մենք վերցնելու ենք նաեւ պետական ներկայացվող վիճակագրությունը եւ փորձելու ենք համեմատել եւ հասկանալ, թե ինչքանով են դրանք համարժեք, որպեսզի կարողանանք գնահատել այս վերջին մի քանի ամիսների ընթացքում գների տատանման ազդեցությունը մարդկանց կենսամակարդակի վրա», - ասաց Աբգար Եղոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG