Մատչելիության հղումներ

Չարենցավանի ոստիկանապետը պաշտոնանկ է արվել


Վահան Խալաֆյան
Վահան Խալաֆյան

Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան հետ կապված ծառայողական քննության արդյունքում Չարենցավանի ոստիկանության պետ Նորիկ Հեբոյանը հեռացվել է աշխատանքից: Այդ մասին ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:

Թեեւ ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել, սակայն ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այդ բաժնի ղեկավար անձինք չէին կարող շարունակել աշխատել նույն պաշտոնում, քանի որ տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում:

«Այնուամենայնիվ, գտնում եմ, որ այդ բաժնի ղեկավարությունը այլեւս շարունակել իրավունք չուներ բաժնում, որովհետեւ նման բարձիթողի վիճակը ղեկավարության թույլ հսկողության արդյունքն էր նաեւ, որը պետք է իր արձագանքը գտներ», - ասաց Ոստիկանության պետը:

Չարենցավանի ոստիկանության պետից բացի, աշխատանքից հեռացվել են նաեւ նույն բաժնի եւս երեք աշխատակիցներ, մյուս աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժերի:

Ինչպես Ալիկ Սարգսյան տեղեկացրեց, ոստիկանության Չարենցավանի բաժնում լուրջ փոփոխություններ է կատարել. - «Մի մարդ եմ թողել այդ բաժնում` բաժնի պետի օպերգծով տեղակալն է այս պահին, մնացածը` փոփոխություններ ունենք ահագին, թարմացնելու եմ բաժինը»:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ղեկավարը եւ նրա երեք աշխատակիցները հեռացվել են աշխատանքից, սակայն ոչ` ոստիկանության համակարգից: «Չէ, նա [Հեբոյանը] չի հեռացվել, ես հարմար եմ գտել, որ նա վերցվի կադրերի տակ, հետագայում նրա հետագա աշխատանքի հարցը կքննարկենք», - ասաց Ալիկ Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե քանի որ Հատուկ քննչական ծառայությունը արդեն իսկ պարզել է, որ Վահան Խալաֆյանը մահանալուց առաջ ծեծի ու խոշտանգումների է ենթարկվել, ինչը սկզբում Ոստիկանության պետը բացառում էր, արդյոք նա հնարավոր չի համարում, որ Խալաֆյանը կարող էր ոստիկանության բաժնում սպանված լիներ, Ալիկ Սարգսյանը արձագանքեց. - «Բացառում եմ ուղղակի, բացառում եմ ես»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Չարենցավանի բաժինի պետին աշխատանքից հեռացնելու որոշումը «տրամաբանական է, բայց շատ ուշացած»:

Բացի այդ, նրա համոզմամբ, ամենից առաջ անհրաժեշտ է պարզել, թե բաժնի պետն ու աշխատանքից հեռացված մյուս աշխատակիցները ինչ մասնակցություն են ունեցել Խալաֆյանին ծեծի ենթարկելու գործում կամ ինչու միջոցներ չեն ձեռնարկել բռնությունը կանխելու ուղղությամբ:

Ըստ պաշտոնական վարկածի` ապրիլի 13-ին գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժին ապօրինի բերման ենթարկված Վահան Խալաֆյանին ցուցմունքներ կորզելու նպատակով ծեծի են ենթարկել, ինչից հետո 24-ամյա երիտասարդը ինքնասպան է եղել:

Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ավելի վաղ կալանավորվել են Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը եւ նույն բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը:
XS
SM
MD
LG