Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը պատրաստվում է «լուրջ քննության վերածել» Բրայզայի հաստատումը Սենատում


Մեթյու Բրայզա
Մեթյու Բրայզա
«Ամերիկահայ համայնքը մի շարք մտահոգություններ ունի նախագահ Օբամայի կողմից Բրայզայի առաջադրման կապակցությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը` մանրամասնելով. - «Դրանք կապված են նրա դիվանագիտական կենսագրությանը, նրա մասնագիտական պահվածքին զբաղեցրած տարբեր պաշտոններում Հարավային Կովկասի իրողություններին առնչվելիս»:

Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանի իր թեկնածուն Մեթյու Բրայզան է: Վերջինս Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնականն է, ԱՄՆ-ը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում:

Համբարյանի խոսքով, Բրայզան պատասխանատու է նաեւ այն բանի համար, որ Միացյալ Նահանգները չարձագանքեցին Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացմանը: Մտահոգում է նաեւ նրա մերժողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

Ամերիկահայ համայքնի ներկայացուցչի խոսքով, մտահոգությունների շարքում է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահի «այն սխալ արժեհամակարգը, որով տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է ազգերի ինքնորոշման սկզբունքից», ինչը, Համբարյանի խոսքով, հակասում է «ամերիկյան իդեալներին», որոնք ժողովրդավարությունն ու ինքորոշումը համարում են «հակամարտությունների լուծման շարժիչ ուժը»::

Համբարյանի խոսքով, արդեն իսկ արշավ է սկսվել՝ պահանջելու, որ Սենատը հանգամանորեն քննի Բրայզայի դիրքորոշումները, «որպեսզի նրա նշանակումը վնաս չհասցնի ամերիկյան արժեքներին ու տարածաշրջանում ամերիկյան շահերին»:

«Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը եւ լիագումար նիստը նրա թեկնածությունը հաստատելու ընթացքում մեծ ուշադրությամբ կուսումնասիրեն Բրայզայի գործունեությունը եւ նրան ուղղվելիք հարցերի պատասխանները», - ասաց Համբարյանը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է գրեթե մեկ տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG