Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում անցան լսումներ թվային հեռարձակմանը անցման օրինագծի վերաբերյալ


Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում տեղի ունեցան լսումներ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծի շուրջ:

Կառավարության առաջարկած եւ անցած շաբաթ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված այս նախագծում կան բազմաթիվ անորոշություններ, ոչ հստակ ձեւակերպումներ, որոնք մինչեւ երկրորդ ընթերցում անցկացվող քննարկումների ընթացքում փորձում են կարգավորել շահագրգիռ կողմերը:

Հստակ է, սակայն, որ անալոգայինից թվային հեռարձակման անցումը այլընտրանք չունի, ու որ փոփոխությունները պետք է ընդունվեն արդեն առաջիկա քառօրյայում, որը մեկնարկում է հունիսի 7-ին:

Ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դա փաստարկեց նրանով, որ «հուլիսի 20-ին Եվրադատարանի վճռով պետք է ստեղծենք հնարավորություն, որպեսզի իրականացվեն հեռուստատեսության լիցենզավորման նոր մրցույթներ»:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, թե «յուրաքանչյուր առաջարկությանը խիստ պատասխանատու մոտեցում» են ցուցաբերելու:

Ավետիս Բերբերյանի փոխանցմամբ, ընդունվել է ներկայացված առաջարկների «մոտ 60-70 տոկոսը»:

Իր ելույթում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ասաց, թե ոլորտի կարգավորման խնդիրը լուծելու երկու մոտեցում կարող է լինել` մաքսիմալ (այնքան բարելավել օրենքը, որպեսզի տրվեն բոլոր հարցերի պատասխանները, ինչը այս փուլում իրատեսական չէ) եւ մինիմալ` շատ արագ մշակել եւ ներկայացնել թվայնացման նոր հայեցակարգ:

Ավետիս Բերբերյանը ասաց, թե համաձայն է, որ հայեցակարգը փոփոխվի, սակայն` օրենքի փոփոխությունն ընդունելուց հետո:

«Լրացուցիչ մենք միայն մեկ փոքր փոփոխություն ենք առաջարկում` կապված արբանյակային հեռարձակման հետ», - ասաց Նավասարդյանը` պարզաբանելով. - «Քանի որ մենք հասկանում ենք, որ մի շարք հեռուստաընկերություններ կորցնելու են նախկինի պես հեռարձակվելու հնարավորությունը, հնարավորություն տալ նրանց օգտվել այլընտրանքային տարբերակներից, այսինքն` արբանյակային հեռարձակումը դրանցից մեկն է»:

Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի համար հատկապես կարեւոր է, թե իշխանությունները կհամաձայնե՞ն ազատականցնել արբանյակային հեռարձակումը:

«Եթե իշխանությունը գնաց նրան, որ արբանյակային հեռարձակումը ազատականացվեց, ուրեմն ես սխալվել եմ, ուրեմն այս անգամ մենք շահելու ենք: Բայց եթե չգնաց դրան, այս բոլոր հանրային քննարկումները ընդամենը մեզ ու մեզ նմաններին օգտագործելու հերթական հանդիսավոր արարողություն է, ինպես եղել են անցած տասնքանի տարիների ընթացքում» - ասաց Բարսեղյանը:

Խնդրի շուրջ քննարկումները կշարունակվեն նաեւ հաջորդ շաբաթ նախ` Հանրային խորհրդի եւ ապա` Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG