Մատչելիության հղումներ

Դժվարանցանելի է դարձել Իրան-Հայաստան ռազմավարական ավտոճանապարհը


2007 թվականին շահագործման հանձնված եւ պետբյուջեից ավելի քան 15 միլիարդ դրամի ծախսի շնորհիվ կառուցված Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ճանապարհի մի քանի հատվածներ փլվել են, ասֆալտը պոկվել է եւ թեքվել Մթնաձորի ուղղությամբ։

Մարդատար մեքենաների վարորդներն ասում են, որ մոտ երկու ամիս է` ստիպված ու սարսափով են երթեւեկում:

Ծավի գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դիմել է իրավասու մարմիններին` ճանապարհի փլված հատվածները վերականգնելու խնդրանքով:

«Վերջին ամիսներին շատ մեծ տեղումների պատճառով առաջացան ե'ւ հոսքեր, ե'ւ ճանապարհի քանդում: Ես անձամբ դիմել եմ մեր «Ճանշին»-ին, ասացին, որ Երեւանից պետք է գան, այդ փոխհատուցումները մեզ տան, որպեսզի ճանապարհի այդ հատվածները վերակառուցվեն», - ասաց Մարտիրոսյանը:

Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախարարը տեղյակ է իրավիճակին։ Նախատեսվում է, որ մինչեւ այս ամսվա վերջը կամ հաջորդ ամսվա սկիզբը կատարվեն նախագծային ու երկրաբանական աշխատանքները, ինչից հետո միայն կորոշվի, թե որքան գումար եւ ժամանակ է պետք ճանապարհի փլված ու վտանգավոր հատվածները վերականգնելու համար։

Նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե ճանապարհը փլվել է սողանքների պատճառով։

Այդ ճանապարհով ամեն օր երթեւեկող վարորդներից մեկը, սակայն, այլ կարծիքի է. - «Նորմալ գործ չեն արել, դրա համար էլ այսպես է: Հող են լցրել, իսկ այդտեղ ջուր է դուրս տալիս: Հարկավոր էր բետոն անել»:

Մինչդեռ ընդամենը 2,5 տարի առաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շտապել էր Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրել ճանապարհաշինարարության նախագծի ղեկավարներին։

Հիշեցնենք` Իրան-Հայաստան ռազմավարական նշանակության ճանապարհի նախագծմանը զուգահեռ` բարձրաստիճան պաշտոնյաները դեռ երեք տարի առաջ չէին մոռանում ընդգծել, որ ճանապարհը տնտեսական բարելավման կարեւորագույն նախապայմաններից է, անգամ նախատեսված էր, որ ավտոճանապարհով կարող են երթեւեկել մինչեւ 80 տոննա բեռնվածությամբ մեքենաներ, սակայն բեռնատարների վարորդները ճանապարհի թեքությունների պատճառով հրաժարվում են երթեւեկել այնտեղով` գերադասելով Քաջարանով անցնող ճանապարհը:

Շուրջ երեք տարի առաջ` Իրան-Հայաստան ռազմավարական ճանապարհի կառուցման ժամանակ իրենց սեփականությունը վտանգված համարող գյուղացիները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին։ Հետեւանքը եղավ արձանագրումը, որ «ճանապարհի կառուցումից տուժածներին փոխհատուցելու համար կառավարությունը հատկացրել է 43 մլն դրամ, բայց դա, տեղաբնակների կարծիքով, շատ քիչ է օտարվող գույքի դիմաց»։

Արդեն փլվող ճամփեզրին գտնվող շուրջ 30 ընտանիքների փոխհատուցման վերաբերյալ բողոքները, ի դեպ, ցայսօր տեղ չեն հասնում:

Մագդա Հովհաննիսյանի փոխհատուցումը ընդամենը 50 հազար դրամ է: Այդ «փոխհատուցման» գումարը ծախսվել է ճանապարհին փռված ասֆալտից մոտ երկու մետր ներքեւ` Մագդայի տան մուտք իջնելու համար։ Բայց նա հիմա դժգոհում է ոչ թե փոխհատուցման չափից, այլ փաստից, որ բավական չէ` իր տան կտուրը շուրջ երեք տարի է` հավասարվել է ռազմավարական նշանակության ճանապարհի ասֆալտին, հիմա էլ ճանապարհի անձրեւաջրերը հոսում են տուն:

«Ցեմենտ չէ. լրիվ հող է: Անձրեւաջրերը լցվում են տան մեջ: Տնակը փայտից է, սկսում է բորբոսնել… Ես դիմել եմ մարզպետին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Հիշեցնենք, որ ճանապարհի նախագծման առաջին տարբերակը չեղյալ էր համարվել Շիկահողի արգելոցին մեծ վնասներ հասցնելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների բուռն դժգոհությունների հետեւանքով, իսկ չեղյալ համարված նախագիծը կազմելու համար մսխվել էր 30 միլիոն դրամ։ Մնում է պարզել, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ` կառավարության վարկածով` սողանքների հետեւանքով փլված ճանապարհահատվածները կրկին կառուցելու համար։

Թանկարժեք ճանապարհն այլեւս արժեք չունի
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG