Մատչելիության հղումներ

Կազիմիրովի կարծիքով, Ղարաբաղյան գործընթացը «փակուղում» է


Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը փակուղում է, եւ առաջիկայում ակնկալել շրջանակային փաստաթղթի ստորագրում պետք չէ:

«Սա առաջին փակուղային վիճակը չէ: Պահեր են եղել, երբ բանակցությունները ինչ-որ ժամանակով ընդհատվել են։ Պետք է ավելի հանգիստ դրան վերաբերվել, խուճապ ստեղծելու կամ ողբերգություն դրանից սարքելու կարիք չկա։ Ժամանակ առ ժամանակ կողմերին անհրաժեշտ է իրավիճակի վերաիմաստավորում։ Հաճախ մեղադրում են միջնորդներին, իբր Մինսկի խումբը արդյունավետ չէ, բայց չէ՞ որ որոշում կայացնողը կողմերն են։ Ամեն դեպքում, շատ կասկածում եմ, որ այս տարի շրջանակային փաստաթղթի ստորագրման ականատեսը դառնանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց պաշտոնաթող դիվանագետը։

Դիտարկմանը, թե Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի` առաջիկայում սպասվող այցի հետ կապված Հայաստանում մտավախություններ են հնչում, որ վերջինս կփորձի Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների առումով, Կազիմիրովը արձագանքեց, թե ճնշումների մասին խոսակցությունները վերջին ժամանակներս ավելացել են։

«Ես տեսնում եմ», - շարունակեց նա, - «որ Բաքուն էլ Երեւանի վրա ճնշում գործադրելու հարց է բարձրացնում, այդ թվում` միջնորդների կողմից։ Որպես եռանախագահների մանդատի համահեղինակ պետք է ասեմ, չկա դրույթ, որ թույլ տար համանախագահներին ճնշում բանեցնել կողմերի վրա»:

Կազիմիրովը, այդուհանդերձ, հնարավոր է համարում ճնշում 2 ուղղություններով. առաջինը` հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեմ: «Հաջորդը, ճնշում կարող է լինել, որպեսզի կողմերը կատարեն իրենց պարտավորությունները։ Այս երկու ուղղություններով ճնշումները համարում եմ արդարացված, բայց դրանք, ցավոք, բավարար չափով չեն բանեցվում», - ասաց նա:

Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավարը բնական է համարում Անկարայում Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը, թե Մոսկվան առաջ է մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը` այդ հարցում խորհրդակցելով իր թուրք գործընկերների հետ։ Վլադիմիր Կազիմիրովի խոսքով, նույնիսկ պատերազմի տարիներին Ռուսաստանը հաշվի էր առնում եւ մտքեր փոխանակում թուրք եւ իրանցի գործընկերների հետ, սակայն, ըստ նրա, դրանք տարբեր ձեւաչափեր են. - «Ես չեմ հավատում, որ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան երբեւէ կարող է հանդես գալ միջնորդի դերում։ Լավ ծանոթ եմ Թուրքիայի նախկին դիրքորոշմանը, այն հստակ միակողմանի էր, այդ պատճառով էլ դժվար է նույնիսկ պատկերացնել, որ հակամարտության բոլոր կողմերը համաձայնեն, որ Թուրքիան դառնա միջնորդ կամ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ։ Ես դրամ չեմ համավում, բայց թողնենք կյանքը որոշի»։

Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամի արտաքին քաղաքական ծրագրերի համակարգող Այբարս Գյորգյուլուի կարծիքով, ակնհայտ է, որ հենց ղարաբաղյան խնդրի հետ կապված է պաշտոնական Անկարան փոխել իր դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի հարցում:

«Արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ կետ չկար, դա բոլորը գիտեն, եւ այժմ Թուրքիան իրար է կապում այս երկու գործընթացները։ Իրականությունն այն է, որ Անկարան հետեւողական է իր դիրքորոշման մեջ եւ չի վավերացնելու արձանագրությունները առանց ղարաբաղյան հիմնախնդրում որոշակի առաջընթացի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փորձագետը` շարունակելով. - «Երբ Էրդողանը խոսում է ղարաբաղյան խնդրում անհրաժեշտ առաջընթացի մասին, նա նկատի չունի հիմնախնդրի ամբողջական կարգավորումը։ Թուրքիայի իշխանությունները այս դեպքում նկատի ունեն Քելբաջարի շրջանից եւ Լաչինի միջանցքից հայկական ստորաբաժանումների դուրսբերումը»։

Ամեն դեպքում, Այբարս Գյորգյուլուն համոզված է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում միակողմանի քայլերի չի դիմի. - «Ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում բավական բարդ է: Ձեւավորվում է նոր, ավելի ուժեղ ընդդիմություն, բոլոր ընդդիմադիր կուսակցությունները դեմ են հայ-թուրքական կարգավորմանը, եւ Էրդողանի կառավորությունը առնվազն մինչեւ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները ռիսկի չի դիմելու։ Մինչեւ ընտրություններ ես չեմ ակնկալում, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն կամ գործընթացում որոշակի առաջընթաց լինի»։

Ռուսաստանցի փորձագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշեւը համարում է, որ ի սկսբանե հայ-թուրքական գործընթացը պարունակում էր քաղաքական շոուի տարրեր, հատկապես` արձանագրությունների ստորագրման փուլում։ Երեւանն ուներ պատրանքներ, որ հնարավոր կլինի բաղդատել հայ-թուրքական կարգավորումը ղարաբաղյան գործընթացից։ Իսկ Սերժ Սարգսյանի ապրիլի 22-ի հայտարարությունը, նրա կարծիքով, նշանակում է, որ այժմ փորձ է արվում գործընթացը «քաղաքական շոուի հարթությունից տեղափոխել ոչ պաշտոնական, սակայն ավելի արդյունավետ փորձագիտական խորհրդակցությունների հարթություն»:

Ինչ վերաբերում է Մոսկվայի կողմից Երեւանի վրա հնարավոր ճնշումներին, ապա, ըստ Անդրեյ Արեշեւի, դա քիչ հավանական է ոչ թե այն պատճառով, որ Մոսկվան չունի համապատասխան մանդատ, այլ որովհետեւ իրավիճակը շատ բարդ եւ անկայուն է, իսկ համապատասխան երաշխիքների բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղի սահմանների եւ «անվտանգության գոտու» ցանկացած տեղաշարժ հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

«Նման պայմաններում պետք է ձգտել ստատուս քվոյի պահպանմանը, քանի որ նոր ստատուս քվոն կարող է շատ ավելի վատը լինել` նաեւ հենց Ռուսաստանի շահերի համար», - եզրափակեց ռուսաստանցի փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG