Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը փորձեց հանգստացնել օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ բորբոքված կրքերը


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով օտարալեզու դպրոցների վերաբացման մասին, խոստովանեց, որ անձամբ է հանրային քննարկումներ հրահրել ու հասկացել, որ «հասարակության կարծիքը երկփեղկված է»: Նախարարը նաեւ ներկայացրեց հանրակրթության եւ լեզվի մասին օրենքներում փոփոխություննների լրամշակված տարբերակի նախագիծը, որը ծնվել է այդ քննարկումներից հետո:


Նոր փոփոխությունների համաձայն` հնարավոր կլինի վերաբացել միայն օտարալեզու 15 դպրոց, որոնցից առավելագույնը 8-ը կարող են գործել մայրաքաղաքում, մյուսները կբաշխվեն մարզերում: Օտարալեզու տարրական դպրոցներ չեն բացվի, միայն միջին եւ ավագ, այսինքն` սկսած 5-րդ դասարանից:

Ընդդիմախոսների հաջորդ մտահոգությունը, որ վերաբերում է հայագիտական առարկաների դասավանդման ձեւին եւ բովանդակությանը, նախարարը ընդունում է եւ բացատրում, որ
«հայագիտականմ առարկաները կդասավանդնվեն հայերենով եւ նույն ծավալով, ինչ սովորական հանրակրթական դպրոցներում»:

Ըստ Արմեն Աշոտյանի` «օտարալեզու դպրոցներում օտար լեզուն ճյուղ պետք է լինի հայոց լեզու ցողունի վրա»: Պետությունը այս դպրոցների վրա փող չի ծախսելու, դրանք գործելու են մասնավոր: Օրենքի լրամշակված տարբերակում առաջարկվում է միեւնույն լեզվով առավելագույնը 5 դպրոց թույլատրել:

«Իմ կանխատեսմամբ` խոշոր խաղացողները կլինեն անգլերենը, ռուսերենը, չեմ բացառում նաեւ ֆրանսալեզու եւ գերմանալեզու դպրոցները», - նշեց նախարար Աշոտյանը:

XS
SM
MD
LG