Մատչելիության հղումներ

Վրաստանը այս տարի Անկախության տոնը կնշի մեծ շուքով


Անկախության տոնի առիթով Թբիլիսիի կենտրոնը զարդարված է Վրաստանի պետական դրոշներով
Անկախության տոնի առիթով Թբիլիսիի կենտրոնը զարդարված է Վրաստանի պետական դրոշներով
Վրաստանը չորեքշաբթի օրը նշում է Անկախության տոնը. 92 տարի առաջ մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը:

Ի տարբերություն 2009-ի` այս տարի վրացական իշխանությունները որոշել են Անկախության տոնը մեծ շուքով նշել: Եթե 2009-ին ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով պարզապես անհնար էր դարձել քաղաքի կենտրոնում ռազմական շքերթ անցկացումը, ապա այսօր նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի թիմը որոշել է հանրությանը ցույց տալ Զինված ուժերի ողջ կարողությունը:

«Ռուսթավելի պողոտայով մայիսի 26-ին կանցնեն վրացական բանակի 5 հազար զինծառայողներ, շքերթին մասնակցելու է 120 միավոր զրահատեխնիկա, 18 ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռ», - երեքշաբթի օրը տեղեկացնում էր «Ռուսթավի - 2» հեռուստաալիքը:

Արեւմտյան որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, սակայն, Սահակաշվիլիի վարչակազմի կողմից նման լայնածավալ զորահանդեսի կազմակերպումը նաեւ ներքաղաքական որոշակի նպատակներ է հետապնդում:

Ավստրիական Der Standart պարբերականը, օրինակ, տեղեկացնում է. - «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մի քանի օր առաջ տպավորիչ շքերթ կազմակերպելով` նախագահ Սահակաշվիլիին նպատակ ունի ցույց տալ, որ իր դիրքերը քաղաքական դաշտում շարունակում են ամուր մնալ»: Ավստրիական թերթը նաեւ պնդում է, թե 2009-ին Սահակաշվիլիին ռազմական շքերթի անցկացումից խուսափեց հնարավոր մահափորձից վախենալով: Թերթը հիշեցնում է, որ շքերթի ժամանակ պետության ղեկավարի դեմ մահափորձի առնվազն մեկ դեպք վերջին մի քանի տասնամյակներում գրանցվել է: «80-ականների սկզբին հենց շքերթին մասնակցող զինվորականներն էին, որ սպանեցին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին», - գրում է Der Standart-ը: Բացի այդ, 2009-ի մայիսին դեռ թարմ էին Մուխրովանիի ռազմակայանում ծագած զինվորական խռովության մասին հիշողությունները, եւ իրավիճակը զինված ուժերում անկայուն էր:

Այսօր արդեն Սահակաշվիլիին կարծես կրկին հաջողվել է լիակատար վերահսկողություն սահմանել 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո բարոյալքման շեմին հայտնված վրացական Զինված ուժերում: Սահակաշվիլիի դիրքերի ամրապնդման եւս մի ապացույցը բանակային բարձրագույն հրամանատարական կազմում իրականացվող փոխատեղումներն են: Օրերս նախագահի հրամանագրով ցամաքային ուժերի նոր հրամանատար նշանակվեց Գիգի Քալանդաձեն, ով ընդամենը 29 տարեկան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG