Մատչելիության հղումներ

Վերահրատարակվել է Հայկական կինոյի կատալոգը


Հայկական կինոյի վերահրատարակված կատալոգի շնորհանդեսը, մայիսի 25
Հայկական կինոյի վերահրատարակված կատալոգի շնորհանդեսը, մայիսի 25

Վերահրատարակվել է Հայկական կինոյի ողջ պատմությունն ամփոփող կատալոգը, որը, նախորդի համեմատ, ներառում է նաեւ վերջին տասը տարիներին նկարահանված, ինչպես նաեւ երբեւէ տեսաժապավենով նկարահանված հայկական ֆիլմերը` 1924թ-ից մինչեւ մեր օրերը:

Կատալոգի գլխավոր խմբագիրներից Միքայել Ստամբոլցյանի բնութագրմամբ` «սա հնարավորություն է հասկանալու, թե ինչ է կատարվել հայկական կինոյում հիմնադրման օրվանից մինչեւ այսօր»:

Հայկական կինոյի մասին պատմող առաջին կատալոգը ընդգրկում էր 1924-1998 թվականերին Հայաստանում ժապավենով նկարահանված կինոյի պատմությունը: Վերահրատարակված կատալոգն ավելի ընդգրկուն է` ներառելով բոլոր ֆիլմերը` խաղարկային, վավերագրական, մուտիպլիկացիոն:

«Հայկական բոլոր ֆիլմերի մասին այստեղ կարելի է տեղեկատվություն գտնել», - պատմեց կինոգետ Սիրանույշ Գալստյանը, ով աշխատել նաեւ առաջին կատալոգի վրա:

Կատալոգի համար աղբյուր են ծառայել դեռ 60-ականների սկզբին Դանիել Բզնունու կողմից հավաքված ֆիլմոգրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ կինոյի տան արխիվային նյութերը, նաեւ Գրականության եւ արվեստի թանգարանում պահվող նյութերը:

Հայկական կինոյի կատալոգի աշխատանքներին մասնակցել է նաեւ կինոգետ Զավեն Բոյաջյանը, ում կարծիքով` այս կատալոգը պարբերաբար պետք է վերահրատարակվի: Երկրորդ հրատարակության առավելություններից մեկն էլ այն է, որ փորձ է արվել մոռացությունից փրկել ֆիլմերի հեղինակների անունները, որոնք արդեն ոչ թե անվանատառերով են, այլ գրված են ամբողջությամբ:

Հայկական կինոյի նոր հրատարակության մեջ ներառվել է նաեւ առանձին հավելված, որն ընդգրկում է 2009-ին արտադրված խաղարկային ֆիլմերը: Կատալոգը լույս է տեսել 2 լեզվով` հայերեն եւ անգլերեն, յուրաքանչյուրից 250 օրինակ, որոնք շուտով կհայտնվեն գրախանութներում:

XS
SM
MD
LG