Մատչելիության հղումներ

Մայիսի 25-ի մամուլ


Ազատության հրապարակի վերաբացման եւ ստորգետնյա նոր ավտոկայանատեղիի շահագործման հանձնելու կապակցությամբ «Ժամանակ»-ի խմբագրականն ընդհանրացնում է. - «Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ 4 միլիարդ դրամ արժեցած կայանատեղին փոքր եւ ճգնաժամի մեջ խեղդվող Հայաստանի համար մեծ ու նշանակալից ներդրում է եւ դրա համար էլ արժանանում է նախագահի մակարդակի ուշադրության: Հայաստանի պարագայում խնդիրը բոլորովին այլ է եւ գտնվում է ավելի շատ հոգեբանական, բարոյահոգեբանական տիրույթում: Բանն այն է, որ ստորգետնյա կայանատեղին կառուցվեց հենց այն վայրում, որտեղ մոտ երկուեւկես տարի առաջ փորձ էր արվում կառուցել մեկ ուրիշ բան, որն իր էությամբ, նշանակությամբ, իր էներգետիկայով եւ աուրայով, իսկ ծավալով եւ խորությամբ շատ ավելին էր, քան եռահարկ ավտոկայանատեղին: Երկուեւկես տարի առաջ Ազատության հրապարակում, ընդ որում հրապարակում, ոչ թե դրա տակ, փորձ էր արվում կառուցել նոր Հայաստանը: Ու այդ փորձը ճնշվեց ներկայիս Հայաստանի իշխանությունը բռնազավթած վարչակարգի բիրտ ուժի կիրառումով, որից հետո, սակայն, կարծես թե, ինքն էլ իր «հաղթանակին» չհավատալով, չհավատալով, որ կարողանալու է իր ձեռքում պահել նոր Հայաստանի ծննդատուն դարձած Ազատության հրապարակը, իշխանությունը պարզապես գնաց այն քանդելու ճանապարհով, որպեսզի ընդդիմությունը չկարողանա վերադառնալ հրապարակ, իսկ երբ հրապարակը արդեն բաց լինի, հասարակության, քաղաքացիների մոտ կորած լինի հրապարակ վերադառնալու ցանկությունը»:

Նույն թեմային է անդրադառնում նաեւ «Հայկական ժամանակ»-ը` նկատելով. - «Ավտոկայանատեղիի անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը կերեւա առաջիկայում, սակայն այս կառույցը մի ուրիշ հմայք ունի: Խնդիրն այն է, որ այդ ավտոկանգառի շինարարությունը սկսելով` գործող իշխանությունները Ազատության հրապարակում հանրահավաքներ թույլ չտալու պատճառ ունեցան: Եվ հիմա այս իմաստով ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք ստորգետնյա ավտոկանգառի վրա կարող են հանրահավաքներ արվել: «Այդտեղ կարելի է ոչ միայն հանրահավաք անել, այլեւ զրահատեխնիկայի մասնակցությամբ զորահանդես անցկացնել», - երեկ թերթի հարցին ի պատասխան ասել է ավտոկանգառի նախագծերը պատրաստած «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ազիզյանը: Այնպես որ, Ազատության հրապարակը ճիշտ ժամանակին է բացվել»:

«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է ուշադրության կիզակետում պահել Եվրախորհրադարանի վերջին աղմկահարույց բանաձեւը: Թերթի քաղաքական մեկնաբանը նկատում է. - «Հայրենի քաղաքական գործիչների մի մասը «ստանդարտ» մխիթարանք է գտել, թե՝ Եվրախորհրդարանի բանաձեւը ոչ մի հարկադրական ուժ չունի, խորհրդապահական է եւ այլն։ Ինչ խոսք, դա այդպես է, եւ Եվրախորհրդարանի բանաձեւում նշվելով չէ, որ որոշվում է Արցախի կամ հայության ճակատագիրը, առավել եւս, եթե մեկ այլ միջազգային կառույց՝ ԵԱՀԿ-ն է Մինսկի խմբի միջոցով որոշակի մանդատ ստացել Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվելու համար։ Բայց պարզ է նաեւ այն, որ ինչքան էլ Արցախի խնդրով ԵԱՀԿ Մինսկի խումբն զբաղվելիս լինի, մենք չենք կարող նկատի չառնել եվրոպական կամ միջազգային այլ կառույցների վերաբերմունքը մեզ համար կենսական նշանակության նման հարցի նկատմամբ։ Ի վերջո, զանազան «խորհրդապահական» բանաձեւերը նաեւ ընդհանուր կարծիք կարող են ձեւավորել, առնվազն ազդել այդ ընդհանուր կարծիքի վրա, այն ուղղորդելով մեզ համար անբարենպաստ հուն։ Այս ամենը հուշում է, որ Հայաստանը եւ հայությունը արտաքին աշխարհի, այս պարագայում կոնկրետ Եվրոպայի երկրների հետ իրենց աշխատանքն արմատապես վերանայելու խնդիր ունեն»։

«Հրապարակ» թերթի խմբագրականը Նուբարաշենի թիվ 11 դպրոցին առնչով հասարակական մեծ արձագանք առաջացրած դատավարության ավարտի կապակցությամբ ընդհանրացնում է. - «Եթե անկեղծ լինենք, ապա այս ուսուցչի արածը ավելի փոքր հանցանք է թվում, քան այդ դպրոցի սադիստ տնօրենինը, որին, չգիտես ինչու, թողնում են, որ շարունակի պաշտոնավարել: Իբր նրա դեմ եղած ցուցմունքները եւ նրա արարքների վաղեմության ժամկետն անցել է եւ քրեական գործի հարուցման հիմք չի կարող լինել: Ի սեր Աստծո, գտեք ձեւն այդ մարդուն պատժելու: Գոնե պաշտոնից հեռացրեք: Ինչպե՞ս կարող են դպրոցի տնօրենի արարքները ժամկետանց լինել, եւ ինչպե՞ս կարող է նման մարդն անպատիժ մնալ ու իր սեւ գործը շարունակել»:

«Կապիտալ» թերթը գրում է. - «Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» սահմանային մաքսային անցակետով մայիսի 22-ից կարող են երթեւեկել ցանկացած տեսակի ավտոմեքենաներ, այդ թվում` մեծ տարողունակությամբ բեռնատարներ: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի՝ մարտի 1-ից անցակետի վերաբացումից հետո, բնակլիմայական պայմաններից ելնելով, մեծ տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունն անցակետով հնարավոր չէր իրականացնել։ Մինչ այժմ թույլատրված էր միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG