Մատչելիության հղումներ

Ուգուլավան` նախագահ, Սահակաշվիլին` վարչապե՞տ


Գիգի Ուգուլավան ընտրարշավի ժամանակ, ապրիլ, 2010թ.
Գիգի Ուգուլավան ընտրարշավի ժամանակ, ապրիլ, 2010թ.
Վրաստանում առաջիկա կիրակի օրը տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք համարվում են գլխավոր փորձ 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններից առաջ։

Վերլուծաբանների մի խումբ ենթադրում է, որ մայիսի 30-ի ընտրություններում անվերապահորեն աջակցելով Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Գիգի Ուգուլավային` նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սկսել է իրականացնել «Ժառանգորդ» քաղաքական օպերացիան, որի նպատակն է հետագայում ապահովել Ուգուլավայի` երկրի նախագահ ընտրվելն ու նրա օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցնելը։

Թբիլիսիում քաղաքապետին մինչ այդ ընտրել է քաղաքային խորհուրդը, իսկ դրանից ավելի վաղ քաղաքի ղեկավարին նախագահն է նշանակել, սակայն հիմա ուժի մեջ է նոր օրենքը, որի համաձայն` քաղաքացիներն ուղղակի քվեարկությամբ ընտրում են քաղաքապետին։

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքար է մղում 9 թեկնածու։ Հարցախույզի արդյունքները վկայում են, որ գործող քաղաքապետ, «Ազգային միացյալ շարժում» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Գիգի Ուգուլավային այսօրվա դրությամբ սատարում է թբիլիսցի ընտրողների մոտ 57 տոկոսը։

«Նախընտրական արշավը մտավ վճռական փուլ, մենք` որպես ամենակազմակերպված, առաջատար քաղաքական կառույց, հատուկ պատասխանատվություն ենք կրում, մենք պարտավոր ենք ավարտին հասցնել բարեփոխումների ծրագիրը եւ ի հեճուկս Վրաստանը քայքայելու նպատակներ հետապնդող մի պետության` ընտրությունները կանցկացնենք շատ կազմակերպված»,- ասել է Սահակաշվիլին` Վրաստանի նկատմամբ թշնամական մտադրություն ունեցող պետության մասին ակնարկը ակնհայտորեն հասցեագրելով Ռուսաստանին։

Վերլուծաբանները նշում են, որ Սահակաշվիլիի քաղաքական մտերիմ դաշնակից Գիգի Ուգուլավան բավական գրագետ նախընտրական արշավ է իրականացնում։ Հանդիպելով ընտրողներին` նա գերադասում է խոսել ոչ թե «մեծ քաղաքականության», այլ քաղաքի բնակիչներին հուզող սոցիալական եւ տնտեսական հիմնախնդիրների մասին։

Ուգուլավան պնդում է, թե բնավ չունի նախագահական նկրտումներ, սակայն վերլուծաբանների կարծիքով` նա, ամենայն հավանականությամբ, կփոխի իր այդ դիրքորոշումը 2013 թվականին։ Այդ տարի սպառվելու է նախագահ Սահակաշվիլիի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, երրորդը օրենքով բացառվում է։ Սահակաշվիլին կարող է գնալ Վլադիմիր Պուտինի ճանապարհով եւ ստանձնել կառավարության ղեկը։

2012 թվականի խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են նոր կարգով։ «Կոմերսանտ» պարբերականը վկայակոչել է Սահմանադրական պետական հանձնաժողովի նախագահ Ավթանդիլ Դեմետրաշվիլիին, ով ասել է, որ եթե հաղթի «Ազգային միացյալ շարժումը», ապա այն կարող է վարչապետի պաշտոնում առաջարկել ցանկացած թեկնածուի, այդ թվում Միխեիլ Սահակաշվիլիին։

Վրաստանը ցանկանում է նախագահականից աստիճանաբար անցնել խորհրդարանական համակարգի, ուստի վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում Սահակաշվիլին կպահպանի իշխանության հիմնական լծակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG