Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ներկայացուցիչը անհրաժեշտ է համարում «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատումը»


Վալտեր Կալին
Վալտեր Կալին
«Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի` Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատելու ուղղությամբ», - ըստ «Ինտերֆաքս» գործակալության, երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ, բռնի տեղահանվածների եւ փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Վալտեր Կալինը։

«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ստիպել Հայաստանին կատարել առաջ քաշված պահանջները` Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատագրելու վերաբերյալ», - հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ով օրեր առաջ ժամանել է Ադրբեջան` հատուկ փախստականների եւ բռնի տեղահանվածների վիճակն ուսումնասիրելու համար։

«Ես ողջունում եմ Ադրբեջանի իշխանությունների քայլերը` փախստականների բնակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ, այդուամենայնիվ, այս մարդկանց վիճակը լիովին կբարելավվի միայն այն ժամանակ, երբ նրանք վերադառնան սեփական բնակավայրեր կամ հնարավորություն ստանան բնակություն հաստատել իրենց ցանկացած վայրերում», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը եւ հավելել. - «Հուսով եմ, որ այդ ժամանակը շատ հեռու չէ»։

Ամփոփելով փախստականների ճամբարներ կատարած այցերն ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումները` ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաեւ նշել է, թե «անհրաժեշտ է բռնի տեղահանվածներին եւս մասնակից դարձնել հաշտեցման շուրջ բանակցություններին. դա կարագացնի գործընթացը եւ առավել կայուն կդարձնի խաղաղ համաձայնագրի իրագործումը»։

ՄԱԿ-ի ներկայացուցչի այս հայտարարությունները լիակատար աջակցություն են գտել Ադրբեջանի իշխանությունների շրջանում, որոնք շարունակում են հայտարարել Ղարաբաղյան պատերազմի արդյունքում փախստական դարձած ավելի քան կես միլիոն ադրբեջանցիների մասին։

«Չնայած վերջին տասնամյակում իշխանությունները շուրջ 3 միլիարդ դոլար են ծախսել` նրանց վիճակը բարելավելու ուղղությամբ, այդուամենայնիվ, շուրջ 400 հազարը շարունակում են ապրել խիստ վատ պայմաններում», - հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը եւ հայտնել, որ «այժմ հատուկ ծրագիր է մշակվում` այդ մարդկանց սեփական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG