Մատչելիության հղումներ

Ժիրայր Լիպարիտյան. «Ռուսաստանը կփորձի Հայաստանի հաշվին զիջումներ կատարել Թուրքիային»


Ժիրայր Լիպարիտյան
Ժիրայր Լիպարիտյան

«Եթե ժամանակը ճիշտ է, եւ Մոսկվան մեծ գին չի վճարելու, ապա այն կփորձի Հայաստանի հաշվին զիջումներ կատարել Թուրքիային», - մեկնաբանելով ռուս-թուրքական վերջին բանակցությունները եւ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի` առաջիկայում սպասվող այցը Հայաստան, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի առաջին նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։

Մայիսի 11-12-ին, հիշեցնենք, Թուրքիա կատարած պաշտոնական այցելության ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, թե Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավորությունները` առաջ մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, միեւնույն ժամանակ` այդ հարցում խորհրդակցելով Թուրքիայի հետ։

«Անցյալում արել է եւ նորից կանի», - ասաց Լիպարիտյանը` շարունակելով. - «Ռուսաստանի համար հարցը հետեւյալն է` ինչ ձեւով անի, որ ինքը պատասխանատու չնկատվի մեր ժողովրդի կողմից… Եվ ոնց անի, որ սա չխանգարի ինչ-որ ավելի բարձր մակարդակի միջազգային հարաբերությունների մեջ` իր պրոբլեմները Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ»:

Անկարայի Տնտեսագիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր, միջազգայնագետ Միթաթ Չելիկպալայի կարծիքով, Թուրքիայում սպասելիքներ կան, որ Ռուսաստանը կկարողանա ճնշում բանեցնել Հայաստանի վրա` Լեռնային Ղարաբաղի հարցում` «որոշակի դրական քայլեր ձեռնարկելու համար»:

Թուրք միջազգայնագետը, այդուհանդերձ, ավելացրեց. - «Տարածաշրջանում Ռուսաստանի շահերը փոքր-ինչ այլ են, քան Թուրքիայինը։ Մեդվեդեւի այդ այցելության ժամանակ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրեցին ավելի քան տասը պայմանագրեր, բայց դրանք բոլորն էլ վերաբերում են էներգետիկ հարցերին։ Կովկասին վերաբերող հարցերը ռուս-թուրքական բանակցությունների կենտրոնում էին, բայց Անկարայում որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել այդ ուղղությամբ»։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը, անդրադառնալով Անկարայում Դմիտրի Մեդվեդեւի նշված հայտարարությանը, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց, թե, ըստ երեւույթին, դա նշանակում է, որ շարունակում է քննարկվել Կովկասի կայունությանը միտված Թուրքիայի հայտնի նախաձեռնությունը:

«Ընդհանրապես` Թուրքիան ու Ռուսաստանը կարող են միասին կայունացնող դեր կատարել Հարավային Կովկասում, որովհետեւ դրանք տերություններ են (ի դեպ, այդ թվում եւ Իրանը), որոնք անմիջականորեն սահմանակցում են տարածաշրջանին եւ շահագրգռված են, որ այստեղ որեւէ խնդիր չլինի մեզ համար։ Այդքանով հանդերձ, ասել, թե Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարությունները ինչ կարող են անել ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ, դժվար է, որովհետեւ Անկարան վարում է Հայաստանի նկատմամբ տնտեսական ու քաղաքական ճնշում բանեցնելու գիծ` նպատակ ունենալով հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` Ադրբեջանի պայմաններով։ Ռուսաստանը հանդես է գալիս միջնորդի դերում, որը չի ճնշում, այլ ընդհակառակը Հայաստանի դաշնակիցն է, եւ երաշխավորում է նրա անվտանգությունը», - ասաց Կռիլովը։

Ռուսաստանցի վերլուծաբանը բացառում է, որ Մոսկվան կփորձի Հայաստանի հաշվին ինչ-որ զիջումներ անել Թուրքիային, որովհետեւ «հայաստանյան ուղղությունը հանդիսանում է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության անկյունաքարը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG