Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան Հայաստանին կոչ է անում շուտափույթ իրականացնել իր առաջարկները


Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը Երեւանում հանդիպում է լրագրողների հետ, 5-ը ապրիլի, 2010թ.
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը Երեւանում հանդիպում է լրագրողների հետ, 5-ը ապրիլի, 2010թ.

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ հայաստանյան երկու իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են անում շուտափույթ իրականացնել Հայաստանի կառավարությանն ուղղված` ֆեդերացիայի առաջարկությունները:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի` չորեքշաբթի օրը տարածած համատեղ հայտարարությունում ասված է. - «Մենք ցավով նշում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում որոշ թերություններ արձանագրելու եւ դրանք ուղղելու պատրաստակամություն դրսեւորելու փոխարեն Հայաստանի իշխանությունները գտնում են, որ պատվիրակների կողմից արված առաջարկությունների կեսը արդեն իրականացվել է»:

Դեռ այս տարվա ապրիլի 6-ին, երբ Երեւանում աշխատանքներն էր սկսում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովը, ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը բացման արարողության ժամանակ կոչ արեց Հայաստանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների անաչառ քննություն իրականացնել: Ֆեդերացիան մի շարք առաջարկություններ էր ներկայացրել Հայաստանի իշխանություններին, որոնք թույլ կտային բարելավել իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում: Սուեր Բելասենը նշել էր, որ հետեւելու են, թե որքանով է Հայաստանը այդ առաջարկները կյանքի կոչում:

Մոտ երկու շաբաթ առաջ Ժնեւում հրավիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման նստաշրջանում արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը ներկայացրել էր մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ Հայաստանի կառավարության զեկույցը:

Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի անդամ կազմակերպության` Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացնելով իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը, նշեց. - «Խոսքը, առաջին հերթին, իհարկե, մարտի 1-ի դեպքերի մասին է, որովհետեւ խնդիրն այն է, ու դրա մասին անընդհատ ասել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, որ այն, որ ինչպես է անցկացվել հետաքննությունը, ամբողջովին չի բավարարում, մեր հասարակությանն էլ կարծում եմ, ու կարեւոր է, որ վերջիվերջո այդ 10 մահերի մեղավորները պատժվեն»:

Ըստ հայտարարության, բազմաթիվ պատվիրակություններ մտահոգություն են հայտնել հավաքների ազատության, իրավապաշտպանների եւ լրագրողների իրավունքների սահմանափակումների վերաբերյալ:

«Բացի այդ, «Ա1+»-ի խնդիրն է, որը, գիտեք, անընդհատ դրվում է, ու էլի այդ հարցը բարձրացվել է տարբեր երկրների կողմից», - ասաց Արտակ Կիրակոսյանը:

Հարցին, թե այս հայտարարությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի իշխանության գործունեության վրա, իրավապաշտպանը արձագանքեց. - «Կարեւոր է այս պարագայում ոչ միայն մեր կառավարության համար, այլ նաեւ մեր հասարակության համար, որ իմանան, անհետ չգնան այս բոլոր հայտարարությունները: ՄԱԿ-ը մի քիչ ծանր կառույց է այդ իմաստով, ու անշուշտ այն երկրները, որոնք այդ հարցերը բարձրացրել են, իրենք կշարունակեն ինչ-որ ձեւով արձագանքել դրան: Չի մոռացվում այդ հարցերը, ու պետք է պարբերաբար դրանց վրա աշխատել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG