Մատչելիության հղումներ

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների նախագիծը ներկայացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը
Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նոր նախագիծը ամերիկյան պատվիրակությունը ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Առաջիկայում այն նաեւ խորհրդի անդամներին կբաժանվի:

Համաշխարհային գերտերությունները համաձայնության են եկել այդ նախագծի շուրջ:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերով` ամիսների ջանադիր բանակցությունների արդյունքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնական անդամներ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, Գերմանիայի հետ համատեղ, համաձայնություն են ձեռք բերել պատժամիջոցների նախագծի ձեւակերպումների շուրջ, եւ այժմ առաջ են շարժվում բուն պատժամիջոցներին հասնելու նպատակով:

«Այդ ուժեղ նախագծի շուրջ համաձայնություն ձեռք ենք բերել` համագործակցելով Ռուսաստանի եւ Չինաստանի հետ», - ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովում` երեքշաբթի օրը հայտարարել էր պետքարտուղարը:

Օրեր առաջ Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի միջեւ համաձայնագիր կնքվեց, եւ Իրանը հայտարարեց, որ համաձայն է ուրանը Թուրքիայում հարստացնելու գործարքին:

Սպիտակ տան համոզմամբ, սակայն, այս համաձայնությունը չի բավարարում միջազգային հանրության պահանջները, քանի որ այն բավականաչափ թափանցիկ չէ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի գնահատմամբ, Իրանն ընդունել է թուրք - բրազիլական առաջարկը` քաջ գիտակցելով, որ պատժամիջոցների մասին համաձայնությունը գրեթե կայացել է:

Արդեն հնչել է պատժամիջոցների կիրառման գաղափարին երկար ժամանակ ընդդիմացող ռուսական կողմի արձագանքը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի գնահատմամբ` «պատժամիջոցներ նախատեսող այդ նոր ծրագիրը հավասարակշռված է»:

Օրվա երկրորդ կեսին տարածվեց նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ նշված է, որ « արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատել է, որ ձեռք բերված սկզբունքային համաձայնությունը պահպանվում է»:

Այս պատժամիջոցների նպատակը ուրանի հարստացման իրանական ծրագրին խանգարելն է, քանի որ, ինչպես միջազգային հանրությունն է կարծում, պաշտոնական Թեհրանը միջուկային զենքի ստեղծման է ձգտում:

Եթե նախագիծը հավանության արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, կկրճատվի զինատեսակների շրջանակը, որը կթույլատրվի մատակարարել Իրանին, այն նաեւ տնտեսական հետեւանքներ կունենա. զգալիորեն կնվազի այն իրանցիների թիվը, ում հնարավորություն կընձեռվի տնտեսական գործունեություն ծավալել արտերկրում, մանրակրկիտ ուսումնասիրության կենթարկվեն իրանական բանկային գործարքները, բանկերին կարգելվի արտասահմանում մասնաճյուղեր ունենալ, որոշում կկայացվի նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի ներկայացուցիչների հաշվեհամարները արտասահմանյան բանկերում սառեցնելու վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, նախագիծը 10 էջից է բաղկացած:

Պաշտոնական Թեհրանի գնահատմամբ` «այդ նախագիծը չի կարող լեգիտիմ համարվել, քանի որ անօրինական է», հաղորդում է Fars լրատվական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG