Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները հորդորում են Քլինթոնին աջակցել իրաքահայերին Հայաստան տեղափոխվելու հարցում


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի դեմոկրատ անդամներ Թիմ Ուալզը եւ Բեթի ՄըքՔոլումը դիմել են պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, առաջարկելով հիմնադրամ ստեղծել` օգնելու իրաքահայերին Հայաստան տեղափոխվելու համար։ Նրանք նշում են, որ իրաքահայերը քրիստոնյա են ու հետապնդումների են ենթարկվում։

Օրենսդիրները նամակում նշում են, որ Հայաստանը նշանակալից քայլեր է կատարել փախստականներին ընդունելու համար, նրանց տրվում է քաղաքացիություն եւ ապրելու տեղ։

«Միացյալ Նահանգների շահերին համապատասխանում է, որ Իրաքի քրիստոնյա հայ փախստականները խաղաղ եւ անվտանգ նոր կյանք սկսելու հնարավորություն ունենան», - ասել է ՄըքՔոլումը երեքշաբթի օրը տարածած հաղորդագրությունում։

Նա նշել է, որ փախստականներին ընդունելու` Հայաստանի կառավարության առաջարկները շատ բարեհամբույր են: «Կարծում եմ, Միացյալ Նահանգները պետք է հումանիտար աջակցություն ցուցաբերի` ապահովելու համար նրանց հաջող տեղափոխումը ու ինտեգրումը Հայաստանի հասարակությունում», - Minnesota Independent պարբերականի փոխանցմամբ` ասել է կոնգրեսականը։

Մայիսի 14-ին պետքարտուղարին հղված նամակը ստորագրել են հինգ կոնգրեսականներ, այդ թվում Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը։ Հանրապետական կուսակցությունից Քոլին Փիթերսոնը, որի ստորագրությունը չկա, եւս աջակցություն է հայտնել ու միացել այս առաջարկին։

«Մենք գրում ենք` հորդորելու Օբամայի վարչակազմին` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հիմնադրամներից հատկացումներ անել քրիստոնյա հայ փախստականներին Սիրիայից ու Հորդանանից Հայաստան տեղափոխվելու համար», - ասված է կոնգրեսականների նամակում։

Նրանք հիշատակում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնաժողովի այս տարվա մարտի վերջի հաղորդագրությունը, ուր նշված է, որ Իրաքի փախստականների վիճակը` թե' երկրի ներսում եւ թե' երկրից դուրս, գնալով հուսահատական է դառնում, իսկ միջազգային հանրության մտահոգությունները նվազում են։

«Միացյալ Նահանգները պլանավորել է 2011 թվականի վերջին դուրս բերել զորքերը Իրաքից, մինչդեռ Իրաքի փախստականներին միջազգային աջակցությունը նվազում է, իսկ Իրաքի քրիստոնյաների դեմ բռնությունները շարունակվում են», - գրում են կոնգրեսականները` նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է լիարժեքորեն կատարի իր պարտավորությունները բնակչության այդ խոցելի խմբի հանդեպ։

Կոնգրեսականները նշում են, որ 2008 թվականին ԱՄՆ-ի Պետդեպարտամնետը մեկ միլիոն դոլար է հատկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակին, որի շնորհիվ Հայաստանը կարողացավ ավելի քան հազար իրաքահայ փախստականի օգնել Հայաստանում վերաբնակվելու համար։ Նամակի հեղինակները ԱՄՆ-ի այդ օգնությունը տարածաշրջանային արդյունավետ որոշում են համարում։

Կոնգրեսականները նշում են, որ համաձայն Իրաքի փախստականների մասին ՄԱԿ-ի 2010 թվականի հունվարին հրապարակված զեկույցի` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնաժողովը հարյուրավոր իրաքահայ քրիստոնյա փախստականների է հաշվառել Հորդանանում, ավելի շատ հայ փախստականներ կան Սիրիայում։

Միաժամանակ, կոնգրեսականները նշում են, որ ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի կողմից հաշվառված է Իրաքից հեռացած 2 միլիոն փախստականների միայն 20 տոկոսը։

Կոնգրեսականները գրում են, որ փախստականների Իրաք վերադառնալու հույսերը իրականություն չեն դառնում, ուստի իրաքահայերի Հայաստան տեղափոխվելու անհրաժեշտությունը ապագայի համար մնում է։

Նամակի հեղինակները նշում են, որ Միացյալ Նահանգների կողմից լրացուցիչ հիմնադրամների ստեղծումը թույլ կտա ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձանժողվին Հայաստանում ընդլայնել օգնությունը Իրաքի հայ քրիստոնյաներին, հնարավոր կդարձնի, որ Հորդանանից ու Սիրիայից հավելյալ հայ փախստականներ տեղափոխվեն Հայաստան։

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Իրաքում պատերազմական գործողությունների հետեւանքով, սկսած 2003 թվականից, իրենց ծառայությանը դիմել է շուրջ հազար իրաքցի, որոնց գերակշիռ մասը հայեր են, դիմողների մեջ նաեւ արաբներ կան։

Գագիկ Եգանյանն ասաց, որ իրենց ծառայություն դիմողները միանգամից ստացել են փախստականի կարգավիճակ։ «Այդ կարգավիճակը նրանց հնարավորություն է տալիս օրինական բնակվել Հայաստանի Հանրապետությունում, եւ նրանք չեն կարող ստիպողաբար վերադարձվել Իրաք», - հայտնեց Եգանյանը։

Նրա խոսքով, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի օգնությամբ վերակառուցվել, վերանորոգվել եւ իրաքցի փախստականներին են հատկացվել 59 բնակարաններ։ Եգանյանն ասաց, որ վերանորոգված շենքերում ազատ կացարաններ ունեն ու նոր փախստական կարիքավորներին կարող են անմիջապես ապրելու տեղ տրամադրել։ Հայաստանում ապրող իրաքցի փախստականների համար առկա խնդիրներից նա առանձնացրեց զբաղվածության հարցը։

Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ հարեւան երկրներում Իրաքից մոտավորապես 2 հազար հայ փախստական կա։ Նրա փոխանցմամբ` իրաքահայ փախստականները ցանկանում են ԱՄՆ կամ եվրոպական երկրներ մեկնել եւ ոչ թե Հայաստան տեղափոխվել։

«Ճիշտ է, շատ բաներով է օգնում Հայաստանի պետությունը, նույնիսկ որոշ փախստականների տներ են տվել, բայց, մյուս կողմից, իրաքահայերն ասում են` եթե անգամ գործ լինի, չեն կարող ընտանիք պահել, որովհետեւ աշխատավարձերը շատ ցածր են», - նշեց իրաքահայ համայնքի ներկայացուցիչը:

Պարույր Հակոբյանը ասաց, որ մի քանի անգամ Հայաստան մեկնելու ճանապարհին Հալեպում հանդիպել է այնտեղ ապաստան գտած իրաքահայերին. - «Հաշիվներ են անում ու տեսնում, որ չեն կարող ընտանիքը պահել։ Ամբողջ դժվարությունները տնտեսական են։ Նույնիսկ հայաստանցիները Եվրոպա կամ Ամերիկա են ճամփորդում։ Սա դժբախտություն է, բայց ինչպես ասում են` իրականությունը սա է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG