Մատչելիության հղումներ

Նախկին արտգործնախարարի կարծիքով, տարածքների վերադարձի մասին «Հյուրիեթի» հրապարակումը «միտումնավոր արտահոսք է»


Ալեքսանդր Արզումանյան
Ալեքսանդր Արզումանյան

Անկարա Ռուսաստանի նախագահի այցելության ժամանակ Մեդվեդեւն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղը շրջապատող եւ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի հարցը: Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նախօրեին թուրքական «Հյուրիեթ» թերթը գրել էր, որ Բաքվում Էրդողանը Ալիեւ-կրտսերին առաջարկել է Հայաստանի հետ սահմանը բացել եւ վերականգնել հաղորդակցական ուղիները, եթե հայկական զորամիավորումները թողնեն Քելբաջարն ու Ֆիզուլին: Ըստ պարբերականի, դրանից հետո նաեւ Անկարայի համար հնարավոր կլինի բացել հայ-թուրքական սահմանը:

«Դա արտահոսք էր, որով հստակեցվեց, որ Էրդողանը եւ Մեդվեդեւը եկել են ինչ-ինչ համաձայնությունների, եւ Էրդողանը, ժամանելով Բաքու, ներկայացնում է նոր ճանապարհային քարտեզ, որով նախատեսվում է երկու տարածքների վերադարձ», - կարծիք հայտնեց նախկին արտգործնախարարը։

Ըստ Արզումանյանի, այսօր Ռուսաստանը եւ Թուրքիան լուծում են «ստրատեգիական համագործակցության երկարաժամկետ մի խնդիր, որով Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ»:

«Սա ցավալի փաստագրումն է այն իրողության, որ վերջին տարիներին ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է դուրս մնացել իր ճակատագրի վերաբերյալ բոլոր բանակցային գործընթացներից, այլ նաեւ Հայաստանը գործոն չէ», - ընդգծեց Արզումանյանը:

Բանախոսը ներկայացրեց ՀԱԿ-ի տեսակետը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ` Հայաստանի համար ընդունելի է ցանկացած որոշում, որն ընդունելի է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համար:

Արզումանյանի փոխանցմամբ, սեղանին դրված մադրիդյան սկզբունքներում առկա է խնդիր` «ռեֆերենդում» տերմինի փոխարեն նշված է՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում` իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»:

«Վտանգ ենք տեսնում այդ ձեւակերպման մեջ։ Եթե խոսք է գնում «ռեֆերենդումի» մասին, մենք պահանջում ենք, որ գրվի «ռեֆերենդում», ինչպես դա արվել է Նոր Կալեդոնիայում, աֆրիկյան տարբեր երկրներում», - շեշտեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG