Մատչելիության հղումներ

Հայաստանում է Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը


Տիգրան Սարգսյանն ու Յան Ֆիշերը համատեղ մամուլի ասուլիսում:
Տիգրան Սարգսյանն ու Յան Ֆիշերը համատեղ մամուլի ասուլիսում:

Երկօրյա աշխատանքային այցով երկուշաբթի օրը Հայաստան է ժամանել Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը: Նա արդեն հանդիպել է հայաստանցի իր գործընկերոջ՝ Տիգրան Սարգսյանի հետ, որի ավարտին երկու վարչապետերը կարճատեւ զրույց ունեցան լրագրողների հետ:

«Մեզ համար չափացանց կարեւոր էր Ղարաբաղի հարցի կարգավորման գործում մեր չեխ գործընկերների հավասարակշռված, բալանսավորված մոտեցումը եւ այն հանգամանքը, որ նրանք նույնպես գտնում են, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների գործընթացը այն միջոցն է, որը հնարավորություն կտա խաղաղ ճանապարհով կարգավորել այս հարցը», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Յան Ֆիշերը, իր հերթին, նշեց, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Պրահան սկզբունքորեն չի պաշտպանում կողմերից որեւէ մեկին:

«Համոզված եմ եւ պնդում եմ, որ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում` խաղաղ բանակցությունների հիման վրա: Հայաստանը Ղարաբաղի հարցում ճիշտ ճանապարհին է եւ հարցը շոշափելիս պետք է լինի շատ հավասարակշռված, ամեն ինչ պետք է լուծվի դիվանագիտորեն շատ ճիշտ, մտածված` նոր պատերազմի վտանգը բացառելու համար», - շեշտեց Չեխիայի վարչապետը:

Անցած շաբաթավերջին, հիշեցնենք, Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Չեխիայի արտգործնախարար Յան Կոհոուտը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել էր, թե պաշտոնական Պրահան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը:

Այս կապակցությամբ Չեխիայի վարչապետի մեկնաբանությունը ստանալ չհաջողվեց, քանի որ հայտարարվեց, թե Յան Ֆիշերը ուշանում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից:

Յան Ֆիշերի այցի շրջանակներում այսօր կայացել է հայ-չեխական գործարար համաժողով` 11 չեխական եւ շուրջ 3 տասնյակ հայկական ընկերությունների մասնակցությամբ: Ու թեեւ կողմերը պնդում են, թե կա փոխադարձ հետաքրքություն բիզնեսի տարբեր ոլորտներում, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ ցածր մակարդակի վրա է: Այսպես, 2009 թվականին Հայաստանը Չեխիա է արտահանել ընդամենը 1,5 միլիոն դոլարի, ներմուծել` շուրջ 15 միլիոն դոլարի ապրանք:

Այցի շրջանակներում ստորագրվեցին 2 միջկառավարական համաձայնագրեր` օդային տրանսպորտի եւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման, կամ ռեադմիսիայի մասին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայաստանը շահագրգռված է եկկողմ տնտեսական կապերի խորացմամբ, ինչպես նաեւ հետաքրքված է Չեխիայի հետ համագործակցությամբ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:

Յան Ֆիշերը այս առիթով ասաց. - «Չեխիան բաց է համագործակցության համար Հայաստանի հետ, եւ կառավարությունը ամեն կերպ խրախուսում է գործարարներին այս հարցում: Չնայած գլոբալ ճգնաժամի այս բարդ պայմաններին, Չեխիան մեծ արտահանման ներուժ ունի եւ միաժամանակ պատրաստ է տարբեր տեսակի ապրանքներ ներմուծել Հայաստանից»:

Վաղը ծրագրված է Չեխիայի վարչապետի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Յան Ֆիշերը, ըստ Հայաստանի կառավարության տրամադրած տեղեկանքի, սերում է Հոլոքոսթը վերապրած ընտանիքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG