Մատչելիության հղումներ

Ոստիկանները խոչընդոտել են Թուրքիայի վարչապետի այցելության դեմ բողոքի ցույցը Աթենքում


Հունաստան -- Թուրքիայի վարչապետի այցի դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած բախումը ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ, Աթենք, 14-ը մայիսի, 2010թ.
Հունաստան -- Թուրքիայի վարչապետի այցի դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած բախումը ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ, Աթենք, 14-ը մայիսի, 2010թ.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հունաստան կատարած այցելության դեմ երեկ երեկոյան Աթենքում բողոքի հանրահավաք է անցկացվել, որը կազամակերպել է Հայ դատի հանձնախումբը՝ համագործակցելով հունական, պոնտական, կիպրական ու քրդական կազմակերպությունների հետ։

Հանրահավաքի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով Աթենքից հաղորդեց Հայ դատի հանձնախմբի պատասխանատու անդամներից Դավիթ Պետրոսյանը։

Նա խոսքով, Աթենքի կենտրոնական հրապարակներից մեկում անցկացված հանրահավաքին ավելի քան 2 հազար մարդ է մասնակցել։ Հանրահավաքի նպատակն էր ցույց տալ, որ Հունաստանում Թուրքիայի դեմ բողոքող ձայներ կան։
Ցուցարարները Թուրքիային կոչ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ պահանջել են, որ թուրքական զորքերը դուրս բեվեն Կիպրոսից։

Ցուցարարները մտադիր էին երթով շարժվել դեպի Թուրքիայի դեսպանատուն, որ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնեն Թուրքիայի վարչապետին, բայց ոստիկանությունը խիտ շարքերով շրջափակել է հրապարակը եւ չի թույլատրել, որ երթ անցկացվի։ Դավիթ Պետրոսյանի փոխանցմամբ, 2 հազար ցուցարարների դեմ ավելի քան 1500 ոստիկաններ են դուրս բերվել, ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հանրահավաքը ցրելու համար, բայց մարդիկ շարունակել են հավաքը։ Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների շղթան, սակայն դա նրանց չի հաջողվել։ Տուժածներ, վիրավորներ չկան, մեկ-երկու հոգի ձերբակալվել է։

Բողոքի ցույցը շարունակվել է մի քանի ժամ, այրվել է Ռեջեփ Էրդողանի նկարը, Թուրքիայի դեմ կարգախոսներ, պահանջներ են հնչել։

Հունաստանում հրապարակվող «Ազատ օր» հայկական թերթի խմբագիր Նազարեթ Բերբերյանը փոխանցեց, որ բողոքի երթերը կանխելու համար Աթենքի կենտրոնում ոստիկանությունը փակել էր մի քանի ճանապարհներ, այդ թվում նաեւ դեպի «Հիլթոն» հյուրանոց տանող ճանապարհները, որտեղ իջեւանել էր թուրքական բազմամարդ պատվիրակությունը։
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 10 նախարարների ուղեկցությամբ ժամանել էր Աթենք։ Կողմերը «բեկումնային» են որակել անցկացված բանակցությունները, որոնց արդյունքում 21 երկկողմանի համաձայնագրեր են ստորագրվել՝ տուրիզմի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի, ինչպես նաեւ Թուրքիայից Հունաստան մեկնող անօրինական միգրանտների հոսքը կարգավորելու վերաբերյալ։

Վերջին 50 տարիների ընթացքում մի քանի անգամ պատերազմի շեմին հայտնված Թուրքիան եւ Հունաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջեւ առկա լարվածությունը մեղմացնելու մասին։

Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձաբար պաշտպանության ոլորտում ծախսերը կրճատելու հարցը։
Շաբաթ առավոտյան Աթենքում հունական լրատվամիջոցների խմբագիրների հետ նախաճաշի ժամանակ Ռեջեփթ Էրդողանն ասել է, թե՝ «երկու երկրները կամք ցուցաբերեցին լինել ոչ միայն հարեւաններ, այլեւ գործընկերներ»։ Նույն օրը Թուրքիայի վարչապետի այցելությունը Հունաստան ավարտվել է։

Քաղաքական տարաձայնությունները, մասնավորապես, Էգեյան ծովի եւ Կիպրոսի հարցերի շուրջ, պահպանվում են, սակայն Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուն թուրք լրագրողների հետ զրույցում վերահաստատել է, որ շարունակում է անվերապահորեն աջակցել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG