Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր հանդիպել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի եւ վարչապետ Գեորգիուս Պապանդրեուի հետ։
«Ես համոզված եմ, որ մեր հարեւան եւ բարեկամ երկրի` Հունաստանի հետ ստորագրելիք 21 պայմանագրերով եւ համագործակցության արձանագրություններով թուրք-հունական հարաբերություններում նոր դարաշրջան է բացվելու»,- ասել է վարչապետ Էրդողանը։
Նրա հույն պաշտոնակից Գեորգեուս Պապանդրեուն CNN Turk հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե հավատում է, որ Էրդողանի այցով մեկնարկում են նոր որակի հարաբերություններ։
«Էրդողանի հետ մեծ թվով նախարարներ են ժամանում, դա բարի կամքի արտահայտություն է, որը մենք գնահատում ենք եւ անպատասխան չենք թողնի»,- ասել է Պապանդրեուն ու հավելել.- «Ես տեսնում եմ, որ վարչապետ Էրդողանն անկեղծ ցանկանում է առաջ շարժվել եւ անցյալում թողնել այն ամենն, ինչ ստվերել է հույն-թուրքական հարաբերությունները»։
Վարչապետ Էրդողանի հետ Աթենք է ժամանել 10 նախարար։ Կողմերը հիմնականում տնտեսական բնույթի փաստաթղթեր են կնքելու։ - «Մենք պետք է օգնենք իրար։ Մեր տնտեսությունները փոխլրացնում են միմյանց, մեկս մյուսի կարիքն ունենք, եթե երկու պետությունները բազմապատկեն ջանքերը, երկուսս էլ կշահենք»,- ասել է Էրդողանը հունական NET հեռուստակայանին։
Քաղաքական տարաձայնությունները, մասնավորապես, Էգեյան ծովի եւ Կիպրոսի հարցերի շուրջ, պահպանվում են, սակայն Հունաստանի վարչապետ Պապանդրեուն թուրք լրագրողների հետ զրույցում վերահաստատել է, որ շարունակում է անվերապահորեն աջակցել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարին։
Դեռ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր, որ վարչապետի այցը երկու հարեւանների համար կլինի բեկումնային եւ հեղափոխական։
Ուղիղ հեռարձակում