Մատչելիության հղումներ

Նախկին հրամանատարը մեղադրվում է լրտեսության մեջ


Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարան
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարան

Հինգշաբթի օրը մայրաքաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում սկսվեց «լրտեսության ձեւով պետական դավաճանության եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ» մեղադրվող Գեւորգ Հայրապետյանի նկատմամբ դատավարությունը:

Մեղադրական եզրակացության հրապարակված մասում նշված է, որ Գեւորգ Հայրապետյանը, լինելով Արցախի ազատամարտի հայտնի հրամանատարներից մեկը եւ մինչեւ 2007 թվականի սեպտեմբերը ծառայելով Պաշտպանության նախարարությունում (ի դեպ, պահեստազորի փոխգնդապետ է եղել)՝ «հայտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների տեսադաշտում, հավաքել է գաղտնի նյութեր», որոնք, ըստ մեղադրականի, որպես «հակահայկական քարոզչություն կարող են օգտագործվել Հայաստանի միջազգային հեղինակությունը վարկաբեկելու համար։ Նշված է, որ Գեւորգ Հայրապետյանը Իրանի քաղաքացի, ըստ մեղադրականի` ազգությամբ ազերի, այս գործով ամբաստանյալ Բեհնամ Բաղերիին 2009 թվականի սեպտեմբերին հանձնել է մի տեսասկավառակ, որը, սակայն, Մեղրիի անցակետում հայտնաբերվել է վերջինիս պայուսակում։

Ամբաստանյալի աթոռին հայտնված թե' Գեւորգ Հայրապետյանը եւ թե' Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերին, վերջիններիս փաստաբանների խոսքով, չեն ընդունում լրտեսության եւ դավաճանության մեղադրանքը։

Դատարանը այսօր մերժեց բաց դատավարություն անցկացնելու մասին միջնորդությունը, որը ներկայացրել էր Հայրապետյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սաֆարյանը պնդեց, որ իր պաշտպանյալին մեղսագրվող արարքը շնծու է եւ փակ դատավարության դրդապատճառ` պետական գաղտնիք պարունակող որեւէ փաստաթուղթ, չկա այս գործում:

Փաստաբանի փոխանցմամբ, քրեական հետապնդումը սկսվել է զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում առկա հակասությունների պատճառով: Սաֆարյանը, սակայն, անուններ չհրապարակեց:

Գեւորգ Հայրապետյանի կինը` Քրիստինե Ապրեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարօրինակ համարեց այն, որ իր ամուսնուն պետական դավաճանության հոդված է առաջադրվել նախ զենք-զինամթերք, ապա թմրանյութ պահելու մեղադրանքի փորձից հետո։ Ի դեպ, Գեւորգ Հայրապետյանը, ի տարբերություն լրտեսության ձեւով պետական դավաճանության մեղադրանքի, ընդունել է զենք-զինամթերք պահելու մեղադրանքը։

Մինչեւ 15 տարվա ազատազրկում ենթադրող մեղադրանքի վերաբերյալ նախկին հրամանատարի կինն ասաց, թե ամուսնու նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում:

Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մի շարք, այդ թվում` Արիության, Գարեգին Նժդեհի մեդալներով պարգեւատրված Գեւորգ Հայրապետյանի մարտական ուղու վերաբերյալ Երկրապահ կամավորական միության պաշտոնական փաստաթուղթը եւս կցված է քրեական գործին:

Գործով մյուս ամբաստանյալի` Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերիի հայրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե որդին ազերի չէ, ինչպես նշված է մեղադրականում, այլ իրանցի է։ Նա, հոր փոխանցմամբ, նախաքննության ժամանակ խոստովանական ցուցմունքներ է տվել, դատարանում, սակայն ասել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում:

Իրանի քաղաքացու շահերը դատավարության ժամանակ պաշտպանում է փաստաբան Ինեսա Պետրոսյանը ասաց, որ գործում չկա որեւէ ապացույց, որ իր պաշտպանյալը մեղավոր է. - «Ուղղակի գործ է սարքվել… Խնդիրը Գեւորգ Հայրապետյանն է: Իսկ իրեն [Բեհնամ Բաղերիի] էլ օգտագործել են»:

Գեւորգ Հայրապետյանը ցուցմունք կտա մայիսի 20-ին նշանակված նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG