Մատչելիության հղումներ

Երեւան-Յոնքերս թատրոնը կներկայացնի «Զենքը եւ մարդը»


2006-ին հիմնադրված Երեւան-Յոնքերս սիրողական թատրոնը նոր ներկայացում է պատրաստել։ Դերասան կամավորներից կազմված անգլախոս այս թատրոնը միակն է իր տեսակի մեջ:

«Ուրախալի է, որ Հայաստանում այսօր երիտասարդներն ավելի լավ են տիրապետում անգլերերին։ Մեր ներկայացումները նայում են նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ», - «Մաքսլիբերթի»-ին ասաց թատրոնի ադմինիստրատիվ հարցերով համակարգող Սոնյա Արմաղանյանը։

Ներկայացումների համար պիեսներ ընտրում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Մելիսա Բրաունը։ Սկզբում բեմադրել են Ուայլդերի «Խնամախոսը», ապա Գոլսմիթի «Քայլ դեպի նվաճում»-ը, իսկ մայիսի 14-ին եւ 15-ին կխաղան Բերնարդ Շոուի «Զենքը եւ մարդը»: Մելիսան ասաց, որ փորձում է ընտրել պիեսներ, որոնց լեզուն համեմատաբար ավելի մատչելի է Երեւանի անգլախոս հատվածի համար։

Թատրոնի դերասանական խմբում ընդգրկված են ամենատարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր մարդիկ` ուսանողներ, աշխատանքի բերումով ժամանակավորապես Հայաստանում բնակվող օտարազգիներ։ «Զենքը եւ մարդը» ներկայացման մեջ հանդես կգա նաեւ Հայաստանում Նորվեգիայի հյուպատոսը:

Երեւան-Յոնքերս թատրոնը տարբերվում է նաեւ նրանով, որ բարեգործական է։ Ներկայացումներում ընդգրկված դերասանները չեն վարձատրվում, իսկ տոմսերի վաճառքից ստացված հասույթը ծախսում են բարեգործական նպատակներով. 2006-ին տարբեր պարագաներ են գնել օնկոլոգիայի բաժանմունքի երեխաների համար, իսկ 2007-ին` աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնում արվեստի թերապիայի դասընթացի համար:

XS
SM
MD
LG