Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ արտադրության պայմանագրեր են ստորագրել


Ստորագրված պայմանագրերի համաձայն Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները համատեղ արտադրելու են գիշերային տեսողության ու ջերմադիտարկման սարքավորումներ, ինչպես նաեւ ռազմատեխնիկական մատակարարում է կատարվելու ինժեներական սարքավորումների համատեղ արտադրության համար։

Պայմանագրերը ստորագրվել են Հորդանանում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցում են Ամանում բացված հատուկ գործողություններ SOFEX-2010 ցուցահանդեսին։

Պայմանագրերը ստորագրել են Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյունուլը եւ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։ Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարարը ասել է, թե ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցություն է հաստատվել Ադրբեջանի անկախացումից ի վեր, ու այդ համագործակցությունը հիմա էլ շարունակվում է։

Թուրքիայի պաշտպանության նախարարը ասել է, թե Թուրքիան Ադրբեջանին 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել։ Նա ասել է, որ «լավ համագործակցություն է իրականացվում» վարժանքների ու ռազմական կրթության բնագավառներում։

«Ադրբեջանի բանակի սպաները հնարավորություն ունեն կրթություն ստանալ Թուրքիայի ռազմական դպրոցներում։ Թուրքիայի բանակի սպաները վարժանքներ են անցկացնում Ադրբեջանի զինված ուժերում», - ասել է Վեջդի Գյունուլը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ռազմական գործընկերության համաձայնագիր ստորագրել եւ արդյո՞ք դրա կարիքը կա, Վեջդի Գյունուլը ասել է, թե համաձայնագրեր, պայմանագրեր ստորագրվել են Ադրբեջանի պաշտպանական բնագավառի բոլոր ոլորտներում եւ որ այս համագործակցույունը արդեն օրենսդրական հիմքեր ունի։

«Մենք նույն ժողովրդի զավակներն ենք։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG