Մատչելիության հղումներ

«Եվրամիությունը եւ Թուրքիան պետք է ամուր կապ ստեղծեն»


Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակ
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը այսօր Ստամբուլում ասել է, որ Եվրոպական միությունը եւ Թուրքիան ընդհանուր ճակատագիր ունեն։

Ստամբուլի Գալաթասարայի համալսարանը այսօր Ժակ Շիրակին շնորհել է պատվավոր գիտական կոչում։ Այն ստանալուց հետո Ֆրանսիայի նախկին նախագահը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ասել է, թե իր խորին համոզմամբ, Եվրոպական Միությունը եւ Թուրքիան պարտավոր են ստեղծել հնարավորինս ամուր կապեր եւ ավելացրել է, որ «Եվրոպական Միությունը եւ Թուրքիան ընդհանուր ճակատագիր ունեն»։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ժակ Շիրակը Եվրոպական միության այն լիդերներից էր, ովքեր 2004 թվականին «կանաչ լույս են վառել» Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների առաջ։

Թուրքիայում լույս տեսնող «Պոստա» թերթը հրապարակել է Ժակ Շիրակի մեկնաբանությունը, որում նա, մասնավորապես, ասում է, թե 2004-ին համոզված էր, որ «Եվրոպայի շահերից է բխում սկսել բանակցությունները, որովհետեւ առավել ընդարձակ դաշինքը կհաստատվի քաղաքական եւ տնտեսական առումով»։

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ժակ Շիրակին փոխարինած Նիկոլա Սարկոզին Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության գաղափարի ամենակարծր ընդդիմախոսներից է։ Ինչպեսեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Սարկոզին մշտապես պնդում է, որ 71 միլիոն բնակչություն ունեցող եւ համեմատաբար աղքատ Թուրքիան Եվրոպային չի պատկանում, եւ անդամակցության փոխարեն պետք է ստանա դրանից ցածր` որեւէ այլընտրանքային կարգավիճակ: Առաջարկ, որը Անկարան կտրականապես մերժում է։

2005 թվականին սկսելով անդամակցության բանակցային գործընթացը՝ Թուրքիան այսօրվա դրությամբ հասցրել է քննարկել փաթեթում ընդգրկված 35 դրույթներից միայն 12-ը։ Բանակցությունների գործընթացը դանդաղել է Թուրքիայի ստանձնած բարեփոխումների իրագործման ձգձգմանը զուգահեռ։ Բացի այդ, բանակցությունների շարունակման համար արգելք է հանդիսացել ԵՄ-ի անդամ Կիպրոսի առջեւ թուրքական նավահանգիստները փակելու մասին Անկարայի որոշումը, որը ուղղակիորեն հակասում է Եվրոպական միության հետ մաքսային պայմանագրին։

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, Ժակ Շիրակը երեկ է մեկնել Անկարա, որտեղ ճաշել է նախագահ Աբդուլա Գյուլի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG