Մատչելիության հղումներ

Մայիսի 11-ի մամուլ


«Կրակոցներ» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Պտղնիում գտնվող «Բելաջիո» հյուրանոցառեստորանային համալիրում շաբաթ օրը կրակոցներ են հնչել: Ըստ որոշ տեղեկությունների, համալիրում տեղի է ունեցել վեճ, որին մասնակցել են մի շարք նախկին եւ ներկա պաշտոնյաների որդիներ: Նշվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) որդու եւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոն Քոչարյանի անունները: Նույն լուրերի համաձայն, երբ վեճից հետո հնչել են կրակոցներ, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները: Տեղեկանալով, սակայն, թե ովքեր են վեճի մասնակիցները, ոստիկանները հեռացել են»:

Խորհրդարանի նախկին փոխնախագահ Արա Սահակյանը «Հրապարակ» թերթում հանդես է եկել հոդվածով, որում անդրադառնում է Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցին եւ առհասարակ՝ ռուս-թուրքական հարաբերություններին. - «Այս ամառ լրանում է Լենին-Աթաթուրք գործարքի 90 տարին, որը Մեդվեդեւը համարում է հիշարժան օր: Ըստ ամենայնի, ռուսները եւ թուրքերը որոշել են այդ օրը դարձնել կրկնակի հիշարժան ու բանակցությունների օրակարգում որպես կարեւոր կետ դրել են ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները: Ինչպես 90 տարի առաջ, այսօր կրկին Ռուսաստանն ու Թուրքիան քննում ու գծագրում են հայերիս ճակատագիրը»:

Հայաստանի շահերի դիրքերից ռուս-թուրքական հարաբերություններն է քննում նաեւ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը՝ նկատելով. - «Ներկայումս տեղի է ունենում այն, ինչից հայ քաղաքական միտքն ամենից շատն էր վախենում. ռուս-թուրքական հարաբերությունները ջերմանում են, եւ այդ երկու պետություններն իրար հետ լեզու են գտնում (թե սովորաբար ինչով է ավարտվում դա՝ կարծում ենք, չարժե հիշեցնել)»: Թերթն այսպես է ամփոփում. - «Ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղի հարցում Հայաստանն այսօր մեծ հաշվով անելիք չունի: Հայ քաղաքական միտքն այսօր պիտի ռազմահայրենասիրական ճառեր արտասանի, եւ «աչքի տակով» հետեւի, թե ինչ են պայմանավորվում Ռուսաստանն ու Թուրքիան: Սերժ Սարգսյանը, ի դեպ, հենց այդպես էլ վարվում է: Ու երեւի վստահ է, որ Ռուսաստանը «մեզ չի քաշի»: Բայց նրա կանխատեսումները, թարսի պես, չեն իրականանում: Ընդամենը մի քանի ամիս առաջ նա հավատում էր, որ թուրքերը «հեսա-հեսա» սահմանը կբացեն: Այնպես որ, առաջիկայում մեզ, ամենայն հավանականությամբ, տհաճ անակնկալներ են սպասվում»:

Մեդվեդեւի այցին իր առաջնորդող հոդվածում անդրադառնում է նաեւ «Ժամանակ»-ը. - «Վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնության նախագահները սովորաբար թե' ժամանակային, թե' բովանդակային առումներով Հայաստան են այցելում այնպես, կարծես կայցելեին Ռուսաստանի Դաշնության որեւէ նահանգ: Բայց էականն ու մտահոգիչը ոչ այդքան դա է, որքան ռուս-թուրքական ջերմացումն ինքնին: Ու բանն այն չէ, որ պատմական նախադեպերն են ինչ-որ խնդրահարույց բան հուշում նմանօրինակ ջերմացումների պարագայում: Առավել եւս, երբ Մեդվեդեւն էլ թուրքական պետականության ստեղծման պատմությունը, որին զոհ գնացին 1,5 միլիոն հայեր, շատ ջերմ է բնորոշում: Խնդիրն այն է, թե ինչ օրակարգով է տեղի ունենալու ռուս-թուրքական ջերմացումը: Իսկ այստեղ արդեն ստիպված ենք հիշել, թե Մեդվեդեւի այցի կապակցությամբ ինչ էր հայտարարել Թուրքիայի արտգործանախարար Դավութօղլուն: Նա հայտարարել էր, որ այցի առանցքային քննարկումը կայանալու է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Եվ երբ նկատի ենք ունենում, որ Ռուսաստանը այդպես էլ չհերքեց այդ առանցքի գոյության մասին հայտարարությունը, իսկ Թուրքիա կատարելիք այցն էլ Մեդվեդեւը սկսեց այդպիսի ջերմությամբ, ապա, թերեւս, շատ հավանական է դառնում, որ Թուրքիայում ռուս-թուրքական բարձր մակարդակով ոչ թե քննարկվելու է Ղարաբաղի հարցը, այլ ավելի շուտ ձեռք են բերվելու որոշակի պայմանավորվածություններ»:

Ի պատասխան «Առավոտ» թերթի հարցին՝ Հանրային հեռեւստատեսության եւ հանրային ռադիոյի լրատվական եւ քաղաքական հաղորդումների ղեկավար Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանի՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղեկատվական պատերազմը դադարեցնելու կոչին, ասել է. - «Քարոզչական պատերազմի եւ թշնամանքի մթնոլորտի վերացման կոչի իսկական հասցեատերը, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղի արեւելյան հարեւանն է՝ Ադրբեջանի Հանրապետությունը, որովետեւ ո'չ Լեռնային Ղարաբաղում, ո'չ էլ Հայաստանում որեւէ ձեւով կազմակերպված թշնամանքի քարոզչություն չի տարվում»: «Առավոտ»-ը նույն հարցն ուղղել է նաեւ Բաքվի մամուլի ակումբի նախագահ Արիֆ Ալիեւին: Նա պատասխանել է. - «Որպեսզի հնարավոր լինի հասնել նման գլոբալ խնդիրների լուծման, իհարկե, կոչերը բավարար չեն: Ցավոք, մենք՝ լրագրողներս, մի քիչ շատ ենք կախված մեզ շրջապատող հանգամանքներից, եւ մենք չենք կարող իրականություն դարձնել որեւէ նպատակ, եթե այն նույնիկս շատ գայթակղիչ է, շատ ցանկալի՝ առանց հաշվի առնելու այն իրողությունները, որոնք շրջապատում են մեզ: Այդուհանդերձ, չնայած այդ կոչի պարունակած ռոմանտիզմին, դրան ծանոթանալն ինձ համար շատ հետաքրքիր էր: Ավելին՝ ես երկար տարիներ ճանաչել եմ այն լրագրողներին, որոնց հանդես են եկել նման կոչով: Եվ կարծում եմ՝ այդ ուղղությամբ ցանկացած քայլ արժանի է հարգանքի եւ ուսումնասիրության»:

«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, հոգեբան Դավիթ Ջամալյանն ասում է. - «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս հայտարարել էր, թե ամեն ինչ պետք է արվի, որ մեր բանակը դառնա աշխարհի հզոր բանակներից մեկը։ Սա Ադրբեջանում մեծ հիստերիա է առաջացրել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այսպիսով քանդվում է նրանց քարոզչական փխրուն կառույցը։ Տեսեք, նրանք պատերազմի են պատրաստում իրենց հանրույթը՝ շեշտը դնելով մեր թերությունների, խոցելի կողմերի վրա՝ միաժամանակ շեշտելով իրենց զինվելը, իրենց թվաքանակը։ Եվ անգամ միտքը, թե հայերս կարող է շատ հզորանանք, դիպչում է իրենց քարոզչության արդյունքներին եւ հիստերիկ ռեակցիա առաջացնում։»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG