Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը նամակով դիմել է վարչապետին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երկուշաբթի օրը նամակով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով «միջոցներ ձեռնարկել, որպեսզի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցումը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենա սույն թվականի հունիս ամսից ոչ շուտ»:

Դա, ըստ Հարությունյանի, «հնարավոր կդարձնի մեր կողմից նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելը»:

Կառավարությունը (Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը), մինչդեռ, խիստ շահագրգռված է, որպեսզի նշված փոփոխությունները «ոչ ուշ, քան հունիսի 7-10-ի քառօրյա նիստերում քննարկվեն եւ ընդունվեն ամբողջությամբ»:

Առաջին ընթերցմամբ առաջարկված փոփոխությունները ընդունվել են ապրիլի 27-ին:

Մարդու իրավունքների պաշտպանը իր նամակում փաստարկում է, թե ըստ Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի հրամանագրի 42-րդ կետի, «մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի», ինչը, սակայն, չի արվել:

«[Օրինագծի հեղինակները] Ավելի շատ մտածել են, որպեսզի գործատուի գործը հեշտացնեն, եւ մարդու իրավունքների տեսակետից խնդրահարույց խնդիրներ կան: Վերջնական մենք մեր տեսակետը պաշտոնապես կուղարկենք կառավարությանը», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Արմեն Հարությունյանը:

Հարկ է նշել, որ փորձագետների պնդմամբ, աշխատանքային իրավունքին առնչվող ռիսկային դրույթները օրինագծում շատ են. դրանք վերաբերում են մինչեւ 16 տարեկան երեխաների շահագործմանը, հղի կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը եւ այլ հարցերի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) ասաց. - «Կարծում եմ, որ այս փոփոխությունները այս տեսքով դեռեւս բավարար չեն. այն կարիք ունի լուրջ վերանայումների, վերախմբագրումների: Մյուս կողմից, հաշվի առնելով կառավարության շտապողականությունը, կարծում եմ, դա կարող է բերել աշխատանքային հարաբերությունների վատթարացմանը, քան թե լավացմանը:Հետեւաբար, կառավարությունը պետք է առնվազն գիտակցի, որ չի կարելի այս հսկայածավալ փոփոխությունները մեկ ամսվա մեջ միանգամից կյանքի կոչել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG