Մատչելիության հղումներ

ՀԱԿ. «Հաղթանակներ տարած ժողովուրդը չի կարող հանդուրժել որեւէ անազատություն»


Հայ ազգային կոնգրեսի լոգոն
Հայ ազգային կոնգրեսի լոգոն

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները շաբաթ օրը այցելեցին Ղարաբաղյան պատերազմում զոհվածների Եռաբլուր պանթեոն:

«Հայ ժողովուրդը իր կարեւորագույն հաղթանակները տոնել է մայիս ամսին, եւ նրանցից մեկը մայիսի 8-ն է` Շուշիի ազատագրման օրը, որը արցախյան ճակատում բեկում մտցրեց, եւ Շուշիի ազատագրումով կանխորոշվեց հաղթանակը Արցախում», - Եռաբլուրում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը` ավելացնելով, որ չնայած 88-ից այս կողմ հայ ժողովուրդը ցուցաբերեց բացառիկ հավաքական կամք եւ ուժ, սակայն «եթե չլիներ այն ժամանակվա իշխանությունների քաղաքական հեռատեսությունը, մենք չէինք կարողանա դրանք ամրագրել»:

«Ցավալի է, որ այդ տոնի համար պայքարող եւ այն մարդկանց մի մասը, որոնք իրենց պայքարի գնով հասել են դրան, այսօր անազատության մեջ են: Ես ի նկատի ունեմ մեր քաղբանտարկյալ ազատամարտիկներին` Սասունին [Սասուն Միքայելյանին], Մուշեղին [Մուշեղ Սաղաթելյանին], Հարութին [Հարություն Ուռուտյանին], Արամին [Արամ Բարեղամյանին], մնացած բոլորին», - ընդգծեց Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, շարունակելով թեման, ասաց. - «Ազատազրկված ազատամարտիկների եւ Հայաստանի քաղբանտարկյալների ազատ արձակումը համար մեկ խնդիր է, եւ նույնիսկ շատ ավելի կարեւոր, քան Արցախի հարցն է կամ հայ - թուրքական հարաբերություններն են: Որովհետեւ քանի դեռ կան Հայաստանում քաղբանտարկյալներ, անհնար է` ոչ միայն գործնականորեն, այլ նաեւ տեսականորեն, որեւէ դրական ակնկալիքներ ունենալ այդ երկու կարեւորագույն հարցերում»:

Շահնազարյանի խոսքով, չնայած ռազմական եւ քաղաքական հարթություններում Հայաստանի օգնությամբ Լեռնային Ղարաբաղի ձեռք բերած հաջողություններին, որոնց արդյունքում էլ Ադրբեջանը հարկադրված գնաց զինանադադարի, ակնհայտ է, որ այսօր հայկական կողմի դիրքերն էապես թուլացած են: «Առաջին հերթին դրա պատճառը Հայաստանի ներքին իրավիճակն է, երբ այսօր արդեն, ես կասեի, Հայաստանում անցումային շրջանը, ըստ էության, ավարտված է. եթե անցումային շրջանը ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարությունն է, ապա մեզ մոտ ավարտված է, որովհետեւ արդեն ավտորիտարիզմի լիակատար հաղթանակ կարելի է արձանագրել` տոտալիտարիզմի, այսինքն` բռնատիրության որոշակի էլեմենտներով», - մանրամասնեց Շահնազարյանը` հավելելով. - «Սա, իհարկե, իր շատ բացասական ազդեցությունն է թողնում այսօրվա մեր դիրքերի վրա արցախյան հարցում` ընդհանուր կոնտեքստում»:

Ղարաբաղյան բանակցությունների վերջին շրջանի դինամիկային եւ ներկա փուլին վերաբերող հարցին Դավիթ Շահնազարյանը արձագանքեց. - «Եթե դուք ընդհանրապես նայեք ամբողջ այդ դինամիկան սկսած 98 թվականից, ապա ամեն ինչ մեզ համար շարժվում է վատից դեպի վատթարագույնը»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի ներկայացմամբ` այն հաղթանակները, որ Հայաստանը ունեցավ 1990-ականների սկզբներին, պետք է ամրապնդվեին ներքին զարգացումներով` զարգացնելով ժողովրդավարությունը: «Սակայն կարծում եմ, որ վերջին տարիներին երկիրը ամրապնդելու ներսից, դիմադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ, ցավոք, շատ գործեր չեն արված, եւ դա հրամայական է հիմա` առաջին հերթին ուշադրությունը դարձնել ներքին խնդիրների վրա», - ընդգծեց Կարապետյանը` հավելելով. - «Եվ ամենակարեւորը` այն պատրանքը, կա հասարակության մեջ, շատ քաղաքական գործիչների շրջանակներում առ այն, որ այսօր պահպանվում է ստատուս-քվոն, դա այդպես չէ: Ցավոք, Հայաստանը այսօր ամեն օր նահանջում է, տնտեսությունը շատ ավելի վատ վիճակում է գտնվում, քան մեր հակառակորդների մոտ, եւ ուժային տարբերությունը Հայաստանի եւ երկու թուրք պետությունների միջեւ, ցավոք, խորանում է»:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Եռաբլուր չէր այցելել: Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պատճառը առաջին նախագահի վատառողջությունն է:

«Հաղթանակներ տարած ժողովուրդը, դրա շնորհիվ արմատապես փոխված հոգեբանությամբ, չի կարող հանդուրժել որեւէ անազատություն ու կաշկանդանք եւ վաստակել է իր երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու անկապտելի իրավունքը», - ասված է, մասնավորապես, Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG