Մատչելիության հղումներ

Քաղաքապետը խոստացել է, որ այգիներում այլևս շինություններ չեն կառուցվի


Ուսանողական այգու շինարարական աշխատանքները
Ուսանողական այգու շինարարական աշխատանքները

Մոտ 10 օր առաջ Facebook սոցիալական ցանցում հիմնադրվեց «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» խումբը, որով նաեւ համանուն նախաձեռնության հիմք դրվեց` նպատակ ուենալով պահպանել Աբովյան եւ Տերյան փողոցների միջնամասում գտնվող ուսանողական այգու ամբողջական տեսքը: Հիմա այգու մուտքի երկու կողմերում ակտիվ շինարարական աշխատանքներ են տարվում, ինչի դեմ էլ նախաձեռնության անդամները փորձում են պայքարել։

«Կառուցապատում, բետոնապատում են մի այգի, որը ծառայում է 4 կրթական հաստատությունների` ագրարային, ճարտարապետաշինարարական համալսարաններին, ԵՊՀ մի մասնաշենքին, ինչպես նաեւ Ազգային գրադարանին»,- բացատրեց նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Վարդանյանը:

Այգին նախկին տեսքին բերելու նպատակով «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստները մայիսի 1-7-ը Ալ. Թամանյանի արձանի մոտ ստորագրահավաք են իրականացնում: Հայկ Վարդանյանը ասաց, որ այս ձեւով իրենք նաեւ իրազեկում են մարդկանց:

Նախաձեռնության ակտիվիստներից է նաեւ բնապահպան Մարիամ Սուխուդյանը, ում տվյալներով` այգում արդեն տասնյակ ծառեր են կտրվել:

Այս նախաձեռնությամբ հետաքրքրվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Մարիամ Սուխուդյանը պատմեց, որ նախաձեռնության մի քանի անդամներ քաղաքապետի հրավերով այցելել են քաղաքապետարան եւ քաղաքի ղեկավարության հետ քննարկել են այս խնդիրը: Չնայած, որ ուսանողական այգու առնչությամբ ակտիվիստները որեւէ խոստում չեն ստացել, բայց փոխարենը քաղաքապետը խոստացել է, որ այգիներում այլեւս շինություններ չեն կառուցվի:

Ակտիվիստները ասացին, որ ստորագրահավաքը իրենց ակցիաների սկիզբն է միայն: Իրենք որոշել են նամակներով դիմել հանրապետության ղեկավարությանը, ինչպես նաեւ այգին պահպանելու կոչով ռոք համերգ կազմակերպել:
XS
SM
MD
LG