Մատչելիության հղումներ

Արեւելյան գործընկերությունը շարունակում է մնալ եվրոպական ընտանիքի առաջնային ծրագրերից մեկը


Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Պրահա, 7-ը մայիսի, 2009թ.
Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Պրահա, 7-ը մայիսի, 2009թ.

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հավաստմամբ, մեկ տարի առաջ` 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում նախկին Խորհրդային Միության վեց երկրների հետ ստորագրված Արեւելյան գործընկերության ծրագիրը այսօր էլ շարունակում է մնալ եվրոպական ընտանիքի առաջնային ծրագրերից ու հետաքրքրություններից մեկը։

«Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին էշթոնը բազմիցս է հայտարարել, որ իր առջեւ դնում է երեք գերակա խնդիր, որոնցից մեկը մեր հարեւան երկրներում կայունության ու խաղաղության հաստատումն է։ Մենք չենք կարող լուրջ դերակատարություն ունենալ միջազգային կյանքում այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողացել մեր որդեգրած քաղաքականության արդյունքները ցույց տալ մեր անմիջական հարեւան երկրներում », - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով նորանշանակ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Պաշտոնական Բրյուսելը հայտարարում է, թե արեւելյան սահմաններում կայունություն եւ խաղաղություն հաստատելու, ինչպես նաեւ ժողովրդավարական կառավարում ապահովելու համար պարբերաբար հանդիպումներ է ունենում ծրագրին մասնակցող վեց երկրների ղեկավարների հետ։ Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը իր առաջադրանքն է ստանում եվրոպացի պաշտոնյաներից։

Հայաստանի հետ բանակցությունների առանցքում, ըստ Շտեֆան Ֆյուլեի, մարդու իրավունքների պաշտպանության հարցն է: «Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ ես քաղաքական առաջնորդներին հորդորեցի առաջ տանել քաղաքական բարեփոխումները, բարելավել ընտրական չափորոշիչները եւ արագացնել նախորդ նախագահական ընտրություններից հետո ծագած մի շարք խնդիրների լուծումը, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի ազգային համերաշխության եւ ի հայտ կբերի հասարակության ունեցած ողջ ներուժը», - անցած շաբաթավերջին Եվրահանձնաժողովում հայտարարել էր հարեւանության հարցերով գլխավոր հանձնակատարը։

Պահանջվող բարեփոխումների դիմաց պաշտոնական Բրյուսելը արեւելյան հարեւաններին խոստանում է լուրջ ֆինանսական օժանդակություն տրամադրել, ազատ առեւտրի գոտի ստեղծել, ինչպես նաեւ այդ երկրների քաղաքացիների համար հեշտացնել Եվրամիության մուտքի անցագիր` վիզա ստանալու ընթացակարգերը։ Վերջին հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:

«Եվրամիության պաշտոնյաները խոստանում են մոտ ապագայում արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնագիր ստորագրել, սակայն հստակ ժամկետներ չեն նշում», - ասում է Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ահտո Լոբյակասը։ - «Սա շատ բարդ գործընթաց է, նախ` որովհետեւ մի շարք տեխնիկական խնդիրների հետ է կապված, մասնավորապես` համաձայնագրին ձգտող երկրները պարտավոր են իրենց քաղաքացիներին տրամադրել Եվրամիության չափանիշներին համապատասխանող` կենսաչափական տվյալներով անձնագրեր, բարելավել սահմանային անցակետերը եւ այլն։ Սակայն առավել կարեւոր է, որպեսզի ծրագրին մասնակցող երկրները իրագործեն Եվրամիութան առաջադրած քաղաքական պահանջներն ու բարեփոխումները»։

Այս ոլորտում վեց երկրներից առաջատարը եւ դեռեւս միակը Վրաստանն է, որի հետ Եվրամիությունը անցած տարեվերջին ստորագրեց վիզային ռեժիմի մեղմացման շուրջ համաձայնագիրը։ Փաստաթղթով արդեն հունիսից վրացի գործարարները, ուսանողները, լրագրողները, ինչպես նաեւ Եվրոպայում մոտ ազգականներ ունեցող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան հեշտացված կարգով Եվրամիություն մուտք գործելու անցագիր ստանալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG