Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանի պնդմամբ, ոստիկանները Խալաֆյանի գործով վկաներին հորդորել են հեռանալ երկրից


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունց

Գողության կասկածանքով ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանություն բերման ենթարկված, այնուհետեւ ազատ արձակված Նորայր Չիլյանը եւ Արայիկ Առաքելյանը լքել են Հայաստանը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ այս անձինք կարեւոր վկաներ էին ոստիկանության բաժնում նույն օրը հնարավոր բռնության հետեւանքով մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայությունից փոխանցեցին, որ քայլեր են ձեռնարկվում Նորայր Չիլյանին եւ Արայիկ Առաքելյանին հայտնաբերելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով հարցաքննել ոստիկանության բաժնում ապրիլի 13-ին նրանց գտնվելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաեւ պարզելու համար, թե արդյո՞ք այս անձինք տեղեկություններ ունեն Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների մասին։

Նորայր Չիլյանը եւ Արայիկ Առաքելյանը, ինչպես նաեւ ներկայումս կալանավորված Դավիթ Գյուլումյանը, ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանություն են բերման ենթարկվել Վահան Խալաֆյանի հետ՝ Չարենցավանում տեղի ունեցած գողության նույն գործով։ Մինչեւ Հայաստանից մեկնելը այս երիտասարդները Խալաֆյանի մահվան առթիվ Չարենցավան մեկնած իրավապաշտպան Արթուր Սաքունցին պատմել են, որ ոստիկանությունում հարցաքննության ժամանակ լսել են, թե ինչպես են ոստիկանները հարեւան սենյակում ծեծի ենթարկում Վահան Խալաֆյանին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Նորայր Չիլյանը եւ Արայիկ Առաքելյանը Հայաստանից հեռացել են ոստիկանների հորդորով։ Իրավապաշտպանը ուշագրավ համարեց այն հանգամանքը, որ ինքը կարողացել է հանդիպել երկու երիտասարդների հետ, իսկ Հատուկ քննչական ծառայությունը՝ ոչ։

«Երբ ես հանդիպեցի Արայիկի հետ Խալաֆյանենց տանը, իսկ Նորայրի հետ իրենց տանը, Նորայրը ընդհանրապես երկու-երեք օրվա ընթացքում ի վիճակի չէր ազատ տեղաշարժվել՝ երեւի կազդուրման խնդիր ուներ», - նշեց իրավապաշտպանը՝ կրկին պնդելով ավելի վաղ մամուլում արած իր հայտարարությունները այն մասին, որ երկու երիտասարդներին ոստիկանությունում բռնությունների են ենթարկել։

«Ես ասեմ, որ այդ զրույցների ընթացքում հեռանալու մասին խոսք չի եղել։ Սովորաբար հեռանում են մարդիկ, որոնք գործով այնքան կարեւոր վկաներ են, որոնք հարմար չեն, որպեսզի ներկա լինեն, եւ վկայություն տան։ Հետեւաբար նշանակում է, որ շատ կարեւոր վկաներ էին, եւ նրանց ուղղակի հեռացրել են», - հավելեց Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանի ասուլիսից անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Նորայր Չիլյանի եւ Արայիկ Առաքելյանի հարազատները հերքել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հնչեցրած հայտարարությունները ոստիկանների նախաձեռնությամբ հիշյալ անձանց Հայաստանից հեռացնելու, ինչպես նաեւ ոստիկանության բաժնում Նորայր Չիլյանի նկատմամբ կիրառված բռնությունների մասին՝ դրանք որակելով բացահայտ սուտ:

Հարազատները նաեւ հերքել են իրավապաշտպանի պնդումներն այն մասին, որ Չիլյանի եւ Արայիկ Առաքելյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություններ են կիրառվել։

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշյալ գողության գործով կալանավորված Դավիթ Գյուլումյանի հարազատները հայտարարել էին, որ նա ոստիկանությունում բռնությունների է ենթարկվել, սակայն Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էին ապրիլի 15-ին անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Գյուլումյանի մոտ «մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել», իսկ ինքը՝ Գյուլումյանը, ասել է, որ « իրեն որեւէ մեկը ծեծի չի ենթարկել»։
XS
SM
MD
LG