Մատչելիության հղումներ

Քաղծառայության խորհրդի նախագահը դժգոհում է խորհրդի աշխատանքին բարձրաստիճան պաշտոնյաների միջամտությունից


Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Հինգշաբթի օրը Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը կառավարության նիստում իր խիստ դժգոհությունը հնչեցրեց քաղծառայողների նշանակման հարցում կոալիցիոն կառավարության անդամների եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարների «սուբյեկտիվ եւ կամայական մոտեցումից»:

«Ելնում են կուսակցական պատկանելության նկատառումներից միայն», - հայտարարեց Մանվել Բադալյանը՝ շարունակելով. - «Հիմա մեր կուսակցությունները, կարծեք թե, դառնում են աշխատանքի բորսաներ: Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասել՝ շատ քաղաքացիական ծառայողների դարձրել են այնպիսին, որոնք ամեն գրպանում տարբեր կուսակցության տոմս են կրում... Վաղը մենք ափսոսալու ենք այս երեւույթների համար»:

Հիշեցնելով, որ մի շարք երկրներում օրենքով արգելված է, որ քաղաքացիական ծառայողը լինի կուսակցական՝ Մանվել Բադալյանը հայտարարեց, թե «պաշտոնյաները նրա համար չեն, որ քամահրանքով վերաբերվեն օրենքին եւ կարգին»:

«Ես որպես Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ՝ անկախ, օրենքով ստեղծված մարմնի ղեկավար, առաջարկում, պահանջում եւ պնդում եմ` վերջ տալ այս կամայական եւ սուբյեկտիվ [մոտեցումներին], որոնք ահագնանում են հատկապես վերջին շրջանում: Ես խոսքս ուղղում եմ մեր կոալիցիոն կառավարության ներկայացուցիչ նախարարներին: Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչ է կատարվում, ինչպիսի թեկնածուներ են ձեզ առաջադրում, եւ դուք էլ ամեն գնով ուզում եք անցկացնել»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Քաղծառայության խորհրդի նախագահի վրդովված ելույթին հետեւյալ կերպ արձագանքեց. - «Ես համոզված եմ, որ դուք կգտնվեք ձեր բարձրության վրա եւ օրենքով ձեզ տրված լիազորությունները ամբողջ ծավալով կիրացնեք, եւ թույլ չեք տա, որպեսզի լինեն միջամտություններ, օրենքի խախտումներ, կառավարության նորմատիվ ակտերի խախտումներ: Նաեւ հայտնում ենք ձեզ մեր աջակցությունը՝ ձեր առաքելությունը ամբողջությամբ ի կատար ածելու գործում»:

Թերեւս զարմանալի կլիներ, եթե կառավարության նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նախարարներից որեւէ մեկը խոստովաներ, որ Քաղծառայության խորհրդի նախագահի դժգոհությունը վերաբերում է իր ղեկավարած գերատեսչությանը: Նրանք պնդեցին, թե թեկնածուի կուսակցական պատկանելությունը իրենց համար կարեւոր չէ. ընտրության հիմքում մասնագիտական որակներն են ու մարդկային հատկանիշները:

«Ինձ անհայտ թեմա է: Այսինքն՝ ես այդտեղ խնդիր որեւէ չունեմ, եւ դրա համար, անկեղծ ասած, չեմ հասկանում», - ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ շարունակելով. - «Բնականաբար, կուսակցական լինելը ինչ-որ չափով ազդելու է, եւ կարծում եմ, եթե համատարած այդպիսի բնույթ է կրում, ինչպես ասաց պարոն Բադալյանը, իհարկե, դա անընդունելի է»:

Կրթության եւ գիտության նախարար, իշխող ՀՀԿ-ի խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը պնդեց, թե իր նշանակման պահից (մեկ տարի առաջ) լրատվամիջոցները «լավ իմաստով հետապնդում են» իրեն, սակայն նման երեւույթ չեն արձանագրել:

«Երկար տարիներ ճանաչելով պարոն Բադալյանին՝ վստահ եմ, որ նա հենց այնպես կառավարության նիստին նման սուր եւ քննադատական ելույթ չէր ունենա», - հավելեց նա:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանում էլ, շատ երկրների նման, պետական եւ քաղաքացիական ծառայության առաջնային սկզբունքը պետք է լինի քաղաքական չեզոքությունը:

«Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես է ստեղծվում կոալիցիոն կառավարություն, կուսակցություններին ինչ-որ նախարարի պորտֆել են հատկացնում, կուսակցություններն էլ որոշում են, որ ում ուզեն, կարող են այդ պորտֆելի համար ներկայացնել: Այնինչ, մենք շատ ժամանակ տեսնում ենք, որ այդ մարդիկ նախարարի պորտֆելի հետ որեւէ կապ չունեն: Հետո էլ սկսում են արագ-արագ փոխել նրանց: Նախարար դառնալու համար մարդը հասարակության մեջ ինչ-որ մի ճանապարհ պետք է անցած լինի, այլ ոչ թե կուսակցության հետ հասցրած լինի ավելի լավացած, քան մնացածը, եւ դրա շնորհիվ նախարարի պորտֆել ստանա»:

Շարունակելով՝ օմբուդսմենը հավելեց, թե «քաղծառայողների դեպքում իրավիճակն ավելի վատ է». հասարակական վերահսկողության փաստացի բացակայության պատճառով կուսակցությունները մարդկանց առաջ են քաշում՝ ելնելով միայն անձնական նվիրվածությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG