Մատչելիության հղումներ

Մայիսի 6-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Եթե ինքներս մեզ չասենք, ոչ ոք դա մեզ չի ասի. հայ - թուրքական «մեղրամիսի» ընթացքում Հայաստանը կորցրել է իր դեմքը, եւ այս պայմաններում, բնականաբար, որեւէ բան ստանալ չէր կարող` բացի վիրավորական քնքշանքից, որ միջազգային հանրությունը ցուցաբերում է այս օրերին: Մինչդեռ փաստերը շատ պարզ են եւ անառարկելի. Սերժ Սարգսյանը խոստացավ Թուրքիա մեկնել կամ բաց սահմանով, կամ եթե մենք գտնվենք սահմանի բացման նախաշեմին, եւ չկարողացավ պահել իր խոսքը: Դրանից հետո էլ հայտարարեց, թե եթե Հայաստանը Թուրքիայի կողմից ձեռնարկվող կոնկրետ քայլեր չտեսնի, հետ կվերցնի հայ - թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը: Ինչպես հայտնի է` իր առաջ քաշած այս պայմանը նույնպես չկարողացավ պահել Հայաստանի իշխանությունը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը փորձում է բացահայտել Հունաստանում եւ Հայաստանում ստեղծված տնտեսական իրողությունների տարբերությունները: Հիշատակելով մարդկային կյանքեր խլած ժողովրդական հուզումները՝ թերթը գրում է. - «Հնարավո՞ր է արդյոք, որ նման բան տեղի ունենա նաեւ Հայաստանում: Փորձենք հասկանալ: Նախ՝ «արտաքին գործոնների» մասին: Եվրամիությունն արդեն իսկ որոշել է 130 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել Հունաստանին եւ դրա դիմաց մտադիր է խստագույն վերահսկողություն սահմանել այդ երկրի կառավարության գործունեության նկատմամբ: Օգնությունը, բնականաբար, հույների գեղեցիկ աչքերի համար չի տրամադրվել: Պարզապես Հունաստանը եվրոյի գոտում է, եւ այդ երկրի տնտեսական աղետը միանգամից ազդում է ե'ւ եվրոյի փոխարժեքի, ե'ւ այդ գոտու երկրների տնտեսությունների վրա: Իսկ ահա Հայաստանը որեւէ «գոտում» չէ. եթե վաղը (հեռեւ տնից-տեղից) տնտեսությունը միանգամից փլուզվի, դա որեւէ կառույցի վրա որեւէ կերպ չի ազդի: Կոպիտ ասած՝ մենք առանձնապես որեւէ մեկին պետք չենք»:

«Հրապարակ»-ի խմբագրականը նշում է, որ թեեւ առաջիկա համապետական ընտրություններին դեռ երկու տարի կա, սակայն դրանց ընդառաջ գործընթացներն արդեն սկսվել են: Խմբագրականը պատկերավորում է. - «Արդեն իսկ զգացվում է, որ մարդիկ ստարտի վրա են: Ամենուրեք խոսվում է այն մասին, թե որ կուսակցություններն են մտնելու խորհրդարան, քանի ձայնով, ովքեր դաբրո ունեն, ով՝ փող, օլիգարխներից ու պատգամավորական «մշտականներ» ունեցողներից ով է կարողանալու հայտնվել անցողիկ ցուցակի անցողիկ տեղում, ով է դուրս մղվելու կյանքի ու մահու այս պայքարից: Ասենք, շատ լրջորեն խոսվում է այն մասին, որ հաջորդ խորհրդարանի կինդեր-սյուրպրիզը լինելու է ՄԻԱԿ-ը, որին փողով թե զոռով, PR-ով թե համոզելով անցկացնելու են Ազգային ժողով: Կռիվը գնալու է, թե ով կլինի հաջորդ խորհրդարանի ընդդիմությունը: Ասում են, որ Կոնգրեսի մուտքը չեն կարող արգելել եւ ստիպված են լինելու հաշտվել նրա ներկայության հետ: Իսկ այ «Ժառանգություն»-ը կմտնի թե չէ՝ դեռ հարց է»:

«Առավոտ»-ի խմբագիրը գնահատում է Հայաստանի կոմունիստների առաջնորդի վերջին հայտարարությունները. - «Որոշակի իմաստով պարոն Թովմասյանը իրեն դրսեւորում է որպես միանգամայն ժամանակակից քաղաքական գործիչ. նա խոսում է մի բանի մասին, որին ինքն էլ չի հավատում: «Հեղափոխությունը շարունակվում է», «եթե ցանկանանք, ժողովրդին մի րոպեում ոտքի կհանենք», «կվերականգնենք սահմանադրական կարգը». նմանատիպ հայտարարությունները արդեն 15 տարի է՝ հայաստանյան ընդդիմության մշտական «երգացանկն են»: Եթե քաղաքական գործիչները ինչ-որ բան են ծրագրում կամ կանխատեսում, եւ հետո դա ինչ-ինչ պատճառներով չի իրականանում, մեզանում ընդունված չէ ասել՝ կներեք, սխալվեցի»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը, քննության առնելով հայ-թուրքական վերջին զարգացումները, նշում է, թե Հայաստանի պետականության «ավելի մեծ նվաստացում դժվար է նույնիսկ պատկերացնել». - «Եթե ինքներս մեզ չասենք, ոչ ոք դա մեզ չի ասի. հայ-թուրքական «մեղրամիսի» ընթացքում Հայաստանը կորցրել է իր դեմքը, եւ այս պայմաններում, բնականաբար, որեւէ բան ստանալ չէր կարող՝ բացի վիրավորական քնքշանքից, որ միջազգային հանրությունը ցուցաբերում է այս օրերին: Մինչդեռ փաստերը շատ պարզ են եւ անառարկելի. Սերժ Սարգսյանը խոստացավ Թուրքիա մեկնել կամ բաց սահմանով, կամ եթե մենք գտնվենք սահմանի բացման նախաշեմին, եւ չկարողացավ պահել իր խոսքը: Դրանից հետո էլ հայտարարեց, թե եթե Հայաստանը Թուրքիայի կողմից ձեռնարկվող կոնկրետ քայլեր չտեսնի, հետ կվերցնի հայ-թուրքական արձանագրությունների տակ դրած ստորագրությունը: Ինչպես հայտնի է՝ իր առաջ քաշած այս պայմանը նույնպես չկարողացավ պահել Հայաստանի իշխանությունը»:

lragir.am էլեկտրոնային պարբերականից տեղեկանում ենք, որ արդեն երկրորդ օրն է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ է սկսել արդեն 14 տարի անազատության մեջ գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանը։ «Բանտից Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին ուղղված իր դիմումում Արթուրը ներկայացրել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի երկու պահանջ. արդար դատաքննության եւ բացառապես օրենքի հիման վրա կայացրած վճիռ։ Արթուր Մկրտչյանի պահանջներից մեկն է նաեւ վերացնել հանրապետության երկրորդ նախագահի շնորհած ապօրինի ներումը», - հավելում է պարբերականը՝ հիշեցնելով, որ ՀՀ նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով մահվան դատապարտվածներին ներում շնորհվեց, եւ մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG