Մատչելիության հղումներ

Կովկասի մահմեդականների առաջնորդին թյուրիմացության մեջ էին գցել


Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադե

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն ափսոսանք է հայտնել Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի Բաքու այցին վերաբերող ապատեղեկատվության առիթով: Այդ մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության մամլո դիվանը:

«Լրացուցիչ ճշտումներից հետո պարզել ենք, որ Գարեգին երկրորդը եւ նրան ուղեկցող անձինք Շեհիդների ծառուղի չեն այցելել, անհավաստի տեղեկություններ հաղորդած մարդիկ արդեն պատժվել են», - ասված է Կովկասի մահմեդակաների վարչության մամլո դիվանի երկուշաբթի օրվա հայտարարությունում։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին, հաղորդել էին, թե հոգեւոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 26-ին Բաքվում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոսը գիշերը այցելել է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների թաղման վայր («Շեհիդների ծառուղի»):

Ալլահշուքյուր Փաշա Զադեն, ըստ ադրբեջանական մամուլի հաղորդագրությունների, լրագրողներին ասել էր.- «Ես խորհուրդ տվեցի Ամենայն Հայոց կաթողիկոսին այցելել Շեհիդների ծառուղի, տեսնել Ղարաբաղի համար զոհված մեր զավակների շիրիմները։ Նրանք այնտեղ գիշերն են գնացել, եւ տեսածը շատ է ազդել Գարեգին երկրորդի վրա»։

Երկուշաբթի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հերքել էր այդ տեղեկատվությունը` այն որակելով «կատարյալ հորինվածք», եւ դիմել էր Կովկասի մահմեդականների վարչություն` ակնկալելով, որ կտրվի համապատասխան հերքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG