Մատչելիության հղումներ

Մայիսի 4-ի մամուլ


«Հրապարակ»-ը իր խմբագրականում ընդգծում է. - «Մենք չենք ժխտում, որ մամուլում շատ անելիքներ կան, բայց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն ու պաշտոնյաները չեն կարող դատավոր դառնալ: Նախ, այն պարզ պատճառով, որ իրենց չի հաջողվել կայացնել իրենց տնօրինության տակ գտնվող ինստիտուտները` կուսակցություններ, պետական կառավարման համակարգ, օրենսդիր մարմին: Նաեւ այն պատճառով, որ մամուլի կայացմանն իրենք այս բոլոր տարիներին մեծապես խոչընդոտել են եւ վնասել: Ինչպես նաեւ այն պատճառով, որ մամուլը չի կարող կայանալ եւ լիարժեք գործել անազատ ու անօրեն երկրում, որտեղ համատարած վախի մթնոլորտ է, եւ մարդու բոլոր ազատություններն ու իրավունքներն ամեն քայլափոխի ոտնահարվում են»:

«Ժամանակ»-ի խմբագիրը նկատում է. - «Ըստ երեւույթին, գլխավոր դատախազությունը բավականին պինդ է «բռնել» ոստիկանության «փոչից»: Չարենցավանի հայտնի դեպքի բացահայտումից եւ բերման ենթարկված Վահան Խալաֆյանին խոշտանգելու մեղադրանք ներկայացնելուց հետո, Հատուկ քննչական ծառայությունը այժմ էլ մեղադրանք է ներկայացնում ճանապարհային ոստիկանության մի քանի աշխատակիցների՝ քաղաքացիների հանդեպ բռնություն կատարելու համար: Թվում է, թե ի՞նչ մի արտառոց բան կա, եթե օրենքը խախտած ոստիկաններին ենթարկում են պատասխանատվության: Սակայն խնդիրն այն է, որ եթե դա լիներ ուղղակի, այսպես ասած՝ դատախազության անաչառության դրսեւորում, ապա նախեւառաջ դատախազությունը կբացահայտեր մարտի 1-ին խաղաղ ցուցարարների հանդեպ բռնություն կիրառած եւ նրանցից մի քանիսին սպանած ոստիկաններին: Այնպես որ, ակնհայտ է, որ խոսքը անաչառության մասին չէ, այլ դատախազություն - ոստիկանություն կամ Աղվան Հովսեփյան - Ալիկ Սարգսյան հակադրության մասին»:

«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ընդգրկվելու՝ վերջին ընթացքում Իրանում արթնացած ցանկությունը լիովին բնական է թվում: Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին Անկարայի հաճախակի դարձած հայտարարությունների, այդ գործընթացում առանցքային խաղացող դառնալու նկրտումների ֆոնի վրա Թեհրանը իր հերթին անհրաժեշտություն է տեսում տարածաշրջանային իր նշանակությունը եւս ընդգծել: Մանավանդ որ այդ նշանակությունը երկու տարի առաջ հենց նույն Թուրքիայի կողմից հասցվեց զրոյի: Տարածաշրջանի անվտանգության թուրքական չարաբաստիկ պլատֆորմում, որով վրաց-հարավօսական պատերազմի թեժ օրերին Էրդողանը վազեց Մոսկվա, Իրանին տեղ չհատկացվեց: Ինչպե՞ս կարելի է ընդհանրապես խոսել այս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման մասին, առանց գործընթացում այնպիսի խաղացողի մասնակցության, ինչպիսին Իրանն է»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ուշադրության կենտրոնում իշխանական քարոզչությունն է. - «Փորձենք պարզել, թե ո՞րն է խնդրի լուծման «հայկական կոնցեպցիան»: Դրա համար ընդամենը ներկայացնենք մի քանի հանրահայտ պնդումներ: Առաջին, թող Ղարաբաղը իրացնի իր ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ անկախություն ստանա, դրանից հետո ազատագրված տարածքները կվերադարձնենք (սա, կարելի է ասել, պաշտոնական դիրքորոշումն է): Երկրորդ, ազատագրված տարածքները մեր հայրենիքի անբաժանելի մասն են, դրանք նվաճվել են արյունով, եւ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի բացառապես ողջ հայ ժողովուրդը: Երրորդ, առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության ոչ մի բանակցություն հաջողությամբ չի պսակվի: Ուշադրություն դարձրեք՝ խնդիրն այն չէ, թե այս երեք պնդումներից որն է ճիշտ կամ սխալ: Խնդիրն այն է, որ այս երեք պնդումները իրար հակասում են, բայց դրա հետ մեկտեղ՝ երեք պնդումներն էլ հավասարապես քարոզվում են իշխանական լրատմավիջոցներով: Կարող են հարցնել՝ բայց ի՞նչ կապ ունի քարոզչությունը: Չի կարելի գնալ մի ճանապարհով եւ քարոզել մյուսը, այլապես վճռական պահին պատերազմը տեղի կունենա ոչ թե սահմանի վրա, այլ երկրի ներսում: Եվ դա կլինի հնարավոր բոլոր տարբերակներից ամենածանրը»:

«Առավոտ»-ը անդրադառնում է մամուլի սահմանափակումների պատճառների՝ իշխանությունների արդարացումներին. - «Ի՞նչ խորհուրդ կարելի է տալ իշխանություններին՝ ներկա եւ ապագա: Նախեւառաջ, իհարկե, ստեղծեք այնպիսի իրավիճակ, որ քաղաքացիները ատելությամբ չլցվեն ձեր նկատմամբ եւ չձգտեն անպայման եթերում լսել կամ կարդալ թերթերում համապատասխան տեքստեր: Եթե իրավիճակը այլ լինի, փողոցային այդ ակտիվությունը կամ կփոխի իր բովանդակությունը, կամ կանցնի հասարակության լուսանցք: Երկրորդ խորհուրդը. թեթեւ տարեք ընդդիմության կոչերը, վանկարկումները եւ կարգախոսները, աշխատեք դրանց մեջ ռացիոնիալ հատիկ փնտրել, եւ, ամենակարեւորը՝ աշխատեք, որ ձեզ համակրող լրատվամիջոցները ճաշակի եւ մշակույթի օրինակ ծառայեն: Թե չէ ձեր քարոզչությունը սովորաբար ավելի գռեհիկ եւ անպատկառ է լինում, քան ընդդիմադիրները: Եվ, վերջապես, հասկացեք, որ այսօր արդեն ձեր արգելքները եւ ռեպրեսիաները իրենց նպատակին չեն հասնում, բայց 3-4 տարի հետո, երբ Հայաստանի բնակչության կեսից ավելին ինտերնետ կունենա, դրանք բացարձակապես անիմաստ կլինեն: Եվ այդ դեպքում այն վարդագույն պատկերը, որն այսօր ներկայացնում են ձեր հեռուստաընկերությունները, նայելու եք միայն դուք՝ ձեր առանձնասենյակներում»:

«Հայոց Աշխարհ»-ը քաղաքական դասեր է տալիս Ռոբերտ Քոչարյանի սաֆարիից. - «Ահա եւ կենդանական վախը ընդդիմադիրներին ստիպում է վերստին անդրադառնալ երկրորդ նախագահին, այն էլ Նամիբիայում ու Տանզանիայում կազմակերպված որսից ամիսներ անց։ Դե ինչ-որ տեղ նույնիսկ բնական է, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել կենդանական վախը, մանավանդ երբ տեսնում են սատկած կենդանիների։ Իսկական որսորդին հետաքրքրում են գազանների թագավոր առյուծը, վագրերը, վարազները, զեբրերը, անտիլոպները... Ժամանակին նման կենդանիների որսը հաճույք է պատճառել այնպիսի նշանավոր որսորդների, ինչպիսիք են Ուինստոն Չերչիլը, Կարլ Գուստավ Մաններհեյմը, Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս Առաջինը։ Ի դեպ, եթե Չերչիլը կամ Մաններհեյմը դեպի Ֆրանսիա, Ալպեր, Հնդկաստան երկար ճանապարհորդությունները կազմակերպել են սեփական նախաձեռնությամբ, ապա Ռոբերտ Քոչարյանին հրավիրել են որսի, բնականաբար, հոգալով բոլոր ծախսերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG