Մատչելիության հղումներ

«ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում Խալաֆյանի մահվան համար»


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար անդամ, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի խոսքով, ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանի հետ տեղի ունեցածի կապակացությամբ:

«Պատասխանատվություն կուսակցություն անպայման զգում է, որովհետեւ ուժային կառույցները ղեկավարվում են Հանրապետության նախագահի կողմից, եւ նա անպայման պատասխանատվություն կրում է, զգում է եւ պետք է միջոցներ ձեռնարկի», - լրագրողների հետ հանդիպմանը շաբաթ օրը ասաց Պետրոսյանը:

Ապրիլի 13-ին, հիշեցնենք, Չարենցավանի ոստիկանության բաժնում տեղի ունեցածի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցներով պարզել է, որ նշված բաժնում մահացած Խալաֆյանը բռնությունների է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից, ով ապրիլի 29-ին կալանավորվել է։

«Գնահատականը խիստ բացասական է, որովհետեւ տարիներ շարունակ` ե՛ւ մինչեւ Հայաստանի անկախացումը ե'ւ դրանից հետո, անընդհատ խոսվում է ոստիկանական մարմինների կողմից մարդկանց իրավունքների ոտնահարման, ծեծելու միջոցով ցուցմունքներ կորզելու եւ այլնի մասին», - շարունակեց Պետրոսյանը` նշելով, թե ՀՀԿ-ն, որպես իշխող կուսակցություն, պետք է ամեն ինչ անի մեղավորներին հայտնաբերելու, պատժելու եւ «վնասի հետեւանքները փոխհատուցելու համար»։

Չնայած Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց ապատեղեկատվություն է տվել` հայտարարելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել, սակայն, միաժամանակ, կրկին պնդել է, թե Խալաֆյանը ինքնասպան է եղել` բացառելով սպանության վարկածը։

Ռաֆիկ Պետրոսյանի, սակայն, չի բացառում, որ Խալաֆյանը «ծեծի հետեւանքով մահացած լինի». - «Դա արդեն գործի նախաքննության պրոցեսում դատախազությունը կպարզի վերջնականորեն»:

Այդքանով հանդերձ, նրա կարծիքով, դեռեւս վաղաժամ է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պաշտոնից ազատելը։

«Եթե այդպիսի դեպքեր կրկնվեն մեկ այլ տեղում, ապա, իհարկե, անպայման ոստիկանության պետը նույնպես պետք է հրաժարական տա, որովհետեւ իր ղեկավարած բնագավառում այդպիսի դեպքեր են տեղի ունենում պարբերաբար: Բայց մի դեպքով, եթե նա ինքը հիմա նախաձեռնել է, օգնում է դատախազությանը բացահայտելու դրանց մեղքը եւ պատժելու բոլոր մեղավորներին, դեռեւս նրան պաշտոնից ազատելը վաղ է», - փաստարկեց նա:

Մինչդեռ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ոստիկանապետը պետք է հրաժարական տա` ոչ միայն «սուտ տեղեկություններ տարածելու համար», այլեւ՝ քանի որ դեպքը կատարվել է Ալիկ Սարգսյանի գլխավորած համակարգում:

«Ես կարծում եմ, որ ներողությունը բավարար չէ. նրա հրաժարականը կարող է լինել միայն որպես փոխհատուցում», - հավելեց Ռուբինյանը՝ շարունակելով. - «Չարենցավանում տեղի ունեցածը որքան էլ արտառոց է եւ ողբերգական ավարտ ունի, մեր իրավապահ մարմինների աշխատանքի ընդհանուր խորապատկերում արտառոց դեպք չէ։ Լիովին տեղավորվում է այն գործելաոճում, որը տարիներ շարունակ որդեգրել են մեր իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի լկտի եւ սանձարձակ դարձան Մարտի 1-ի դեպքերից հետո, երբ անպատժելիորեն խախտեցին երկրի հիմնական օրենքը, օրենսդրությունը եւ զանգվածային հալածանքների դիմեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ»:

Կարապետ Ռուբինյանը եզրափակեց. - «Իշխող քաղաքական ուժը ձեւավորել է այս ապօրինի իշխանությունները, կառավարությունը, ոստիկանապետը նշանակված է Սերժ Սարգսյանի կողմից, դատական համակարգը գտնվում է Սերժ Սարգսյանի կրունկի տակ, ուրեմն ինչ որ կատարվում է այդ ոլորտում, Սերժ Սարգսյանի անմիջական պատասխանատվությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG