Մատչելիության հղումներ

Մայիսի 1-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի խմբագրականն անդրադառնում է Չարենցավանի ոստիկանությունում մահացած երիտասարդի աղմկահարույց դեպքին: Թերթը հետեւյալ հարցերն է առաջադրում. - «Ինչո՞ւ ՀՀ ոստիկանության խոսափողը հանդիսացող «02» հաղորդաշարը չի անդրադառնում վայ ոստիկանների ձերբակալության փաստին, ինչո՞ւ չի կարդում նրանց դատավճիռը, ինչո՞ւ հատուկ թողարկում չի իրականացվում՝ նրանց կալանավորման մասին հանրությանը իրազեկելու համար: Մի՞թե այն պատճառով, որ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը Վահան Խալաֆյանի մահվանից հետո ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածել կատարվածի վերաբերյալ՝ պնդելով, թե Վահանի վրա խոշտանգման հետքեր չկան: Եթե Ալիկ Սարգսյանին տեղի ունեցած մասին հենց ոստիկաններն են սխալ տեղեկություններ հաղորդել, ուրեմն նա ոստիկանապետ լինելու իրավունք չունի, ուրեմն թույլ եւ անդեմ պաշտոնյա է, որին մատների վրա ֆռռացնում են սեփական ենթակաները: Եթե ճիշտ են զեկուցել, ու նա դիտավորյալ փորձում է մոլորեցնել հանրությանը, ուրեմն առավել եւս ոստիկանապետ աշխատելու իրավունք չունի, որովհետեւ հանրությունը հոգնել է ոստիկանական ստից»:

«Առավոտ»-ի խմբագիրը մտորում է մայիսմեկյան տոնի խորհրդի շուրջ՝ զուգահեռներ անցկացնելով այդ տոնի խորհրդային եւ հետխորհրդային ընկալումների միջեւ. - «Առա՞ջ էր լավ, թե՞ հիմա՝ այդ վեճը, իմ կարծիքով, սխոլաստիկ է: Ո՞վ է ավելի լավը՝ իր հարստությունը թաքցնող ռայկոմի քարտուղա՞րը, թե՞ իր հարստությունը բոլորի աչքը խոթող օլիգարխը, կոմերիտակա՞ն, թե՞ բազեական կարիերիստը, Լենինին չհավատացող կոմունի՞ստը, թե՞ Նժդեհին չիմացող հանրապետականը: Ի՞նչն է ավելի զայրացուցիչ՝ «Վրեմյայի», թե՞ «Հայլուրի» ստերը: Ճաշակի հարց է»:

Աշխատանքի տոնի թեման է զարգացնում նաեւ «Հրապարակ»-ը. - ««Աշխատանքի օրը» մեր ժամանակներում մի տեսակ լիարժեք չի հնչում. աշխատանքն այն չէ, աշխատողներն էլ տոնի ո'չ սիրտ ունեն, ո'չ հավես: Պետական հիմնարկներն էլ այնքան են պակասել, որ այդ օրը չաշխատելու հանգամանքը մնացել է մի քանի տասնյակ հազար մարդու մենաշնորհը: Իսկ ոչ պետական հիմնարկներում հիմնականում չեն հիշում այս օրը՝ եթե կա աշխատանք եւ շահույթ ստանալու հնարավորություն, գործատուն անպայման աշխատեցնում է, եւ աշխատողն էլ այդպիսի թիթիզ բաների ետեւից առանձնապես չի ընկնում. աշխատավարձ որ ստանաս, օրդ արդեն տոն է, էլի, չաշխատելը՝ չվարձատրվելու պարագայում ի՞նչ տոն: Առաջներում այս օրը շքերթ էինք անում. փուչիկներով երեխաներ, պլակատներով ուսանողներ, մայրաքաղաքի հրապարակով քայլելու ելած մեծահասակներ, տրիբունայում կանգնած պալիտբյուրո: Այդ ամենն անցյալում է, եւ դրա հետ կապված նոստալգիկ հիշողություններ այս օրերին ունենում են կա'մ կոմունիստները, կա'մ կյանքը սովետի ժամանակ ապրած տարեցները»:

«Հայոց Աշխարհ»-ն ընդվզում է Freedom House կազմակերպության հրապարակած՝ մամուլի ազատության մասին վերջին զեկույցի դեմ, որում, հիշեցնենք, Հայաստանը դարձյալ դասակարգվել էր «ոչ ազատ» երկրների շարքը: Թերթը գրում է. - «Թե որոնք են այս կազմակերպության գնահատման չափանիշները, ոչ ոքի հայտնի չէ։ Թեպետ դժվար չէ կռահել երկրները դասակարգելու հարցում զեկույցի հեղինակների որդեգրած սկզբունքներն ու մոտեցումները։ Ասենք, այն երկրներում, որտեղ գունավոր նախագծերի իրականացման փորձերը ձախողվել են, անկախ նրանից, թե մամուլի ազատության առումով իրականում վիճակն ինչպիսին է, պետք է շարունակեն մնալ ոչ ազատների խմբում։ Իսկ ահա, օրինակ, Վրաստանն ու Ուկրաինան արդեն մեկ հնգամյակ վայելում են մասամբ ազատ լինելու բերկրանքը։ Այս պարագայում չենք կարող չնկատել, որ նրա կազմակերպությունը առաջատար, ոչ այնքան առաջատար եւ «հետադեմ» երկրներին գնահատելիս առաջնորդվում է երկակի չափանիշներով, եւ ընդհանրապես իրավապաշտպանականի փոխարեն պարզապես զբաղված է քաղաքական գործունեությամբ»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Քաղաքական դաշտի մի հսկայական հատված անասելի հրճվանքի մեջ է. Հովիկ Աբրահամյանն այլեւս քաղաքական նախկին կշիռը չունի եւ ակնհայտորեն «հայտնվել է լուսանցքում»: Եթե ընդամենը մի քանի ամիս առաջ նա համարվում էր իշխանության «երկրորդ դեմքը», ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչները բառիս բուն իմաստով հերթ էին կանգնում՝ նրա բարեւին արժանանալու համար, այսօր նույն այդ մարդիկ բացահայտորեն խուսափում են նրանից ու նույնիսկ ծիծաղում նրա վրա: Զուտ մարդկային հարաբերությունների առումով սա, իհարկե, ողբերգություն է, բայց հարց է ծագում.՝ իսկ ինչո՞ւ պիտի այդպես չլիներ: Ինչո՞ւ պիտի Հովիկ Աբրահամյանը հանրապետության «երկրորդ դեմքը» լիներ, ո՞ր արժանիքի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG