Մատչելիության հղումներ

Աշխատանքը շարունակում է գերխնդիր մնալ հաշմանդամություն ունեցող հայաստանցիների համար


Աշխատավորների օրը հաշմանդամների խնդիրներով զբաղվողները մեկ անգամ եւս հիշեցնում են, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար աշխատանքը գերխնդիր է եւ «հիմնական գործոն նրանց սոցիալական ներառման եւ ինքնուրույնության ապահովման համար»։

Գոհար Ստեփանյանն աշխատում է Նարեկացի արվեստի միությունում եւ VivaCell-MTS ընկերությունում, պարուհի է եղել, բայց 16 տարեկանից չի քայլում: Երկու աշխատավայրերում էլ կարողանում է լիովին օգտագործել իր կարողություններն ու ընդունակությունները: - «Աշխատակիցներիս հետ շփվելիս ես չեմ զգում, որ սայլակով եմ», - ասում է Գոհարը։

Մասնագիտությամբ ոսկերիչ 32-ամյա Վարդան Բարդողյանը նույն կազմակերպությունում է աշխատում: Աշխատանքի է տեղավորվել հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության օգնությամբ: Մինչ այդ որեւէ տեղ աշխատանքի ընդունման համար չի դիմել, քանի որ, ըստ նրա, «տեղաշարժվելու խնդիրներ ունեցող հաշմանդամների համար պայմաններ չկան»։

Գործատուների մեծ մասը, սակայն, հաշմանդամություն ունեցող մարդկանց կամ խիստ հազվադեպ է աշխատանքի ընդունում կամ ընդհանրապես չեն ընդունում: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը «Մաքսլիբերթ»-ի հետ զրույցում բացատրեց, որ «Երկար տարիներ ընդունված է եղել, որ հաշմանդամները ուղղակի պասիվ սպառողներ են»։ - «Նրանց նպաստաներ էին տալիս, ու հաշմանդամության թղթի վրա անգամ գրում էին «անաշխատունակ», հիմա այդպես չէ», - նշեց Զարուհին։

Երբեմն որոշ գործատուներ հաշմանդամություն ունեցող մարդուն աշխատանքի են ընդնունում զուտ խղճահարությունից ելնելով, ինչը, ըստ Զարուհու, շատ վտանգավոր է, քանի որ «դա բարեգործություն են համարում, սակայն այդ դեպքում չեն նկատում հաշմանդամների հնարավորություններն ու կարողությունները»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` 2009-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը Հաաստանում կազմում է 177.000: Հաշմանդմաների հարցերով ու խնդիրներով զբաղվով «Հույսի կամուրջ»-ի կազմակերպության` մարտի 25-ին ներկայացրած համեմատական վերլուծության տվյալներով` հաշմանդամների ընդհանուր թվից աշխատունակ տարիքի են (16-63 տարեկան) հաշմանդամների 58 տոկոսը: Զբաղված հաշմանդամները կազմում են աշխատունակ տարիքի բոլոր հաշմանդամների 12 տոկոսը:

XS
SM
MD
LG