Մատչելիության հղումներ

Թուրքիան արձագանքում է Օբամայի ուղերձին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան

Պաշտոնական Անկարան կարծես չի կարողանում կողմնորոշվել՝ արդյոք Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը, որում չկար ցեղասպանություն բառը, սակայն հիշատակված էին 1.5 միլիոն անմեղ զոհերը, գոհացուցիչ էր թուրքական դիվանագիտության համար, թե ոչ:

Օբամայի ուղերձից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ բավական կոշտ մի հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված էր. - «Ցավոք սրտի, նախագահ Օբամայի ուղերձն արտացոլում էր միակողմանի սխալ քաղաքական մոտեցումներ: Պատմական ճշմարտության ամենամեծ թշնամին սուբյեկտիվ հիշողություններն են: Որեւէ ժողովուրդ պատմական իր հիշողությունը չպետք է պարտադրի մյուսներին»։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, սակայն, ընդհանուր առմամբ դրական է գնահատել Օբամայի ուղերձը։ «Այս անգամ Վաշինգտոնում հաշվի նստեցին Թուրքիայի մտահոգությունների հետ», - ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետի այս հայտարարություն ընդդիմության շրջանում լուրջ դժգոհության պատճառ է դարձել։ Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականի ղեկավար Դենիզ Բայքալը հայտարարել է. - «Օբամայի օգտագործած բառը հայերենում նույն ցեղասպանությունն է նշանակում։ Ես չեմ հասկանում ինչո՞ւ է Միացյալ Նահանգների նախագահի ուղերձը գոհացրել մեր վարչապետին: Պարոն Էրդողանն ավելի վատ մի բա՞ն էր ակնկալում»:

«Նման ուղերձը ողջունելը պարզապես վիրավորական է մեր քաղաքացիների համար», - հավելել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG