Մատչելիության հղումներ

Հայաստանյան քաղաքական ուժերը մեկնաբանում են նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը


Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ժողովրդին ուղղված երեկվա հայտարարությունը լավ մարտավարի քայլ էր ստեղծված իրավիճակում, բայց լավ ռազմավարը չպետք է թույլ տար այս իրավիճակի ստեղծումը։

«Նախագահ Սարգսյանի երեկվա ուղերձում խոսքերը շատ դիպուկ էին, համոզիչ, բայց մնում է ստորագրությունը, գործը, Հայոց իշխանության կնիքը, եւ այդ ստորագրությունը նշանակում է մեր հայրենազրկման ընդունում, Ցեղասպանության հետեւանքների վավերացում», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կարող է հետեւել նախագահ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ սա մշակված սցենար է, որը թույլ կտա, որ Թուրքիան ինչ-ինչ քայլերի միջոցով իրենց ընտրությունների նախաշեմին, թե դրանք հաղթահարելով, վերադառնա սեղան՝ ընդունելով այդ արձանագրությունների փաստը որպես արդեն փոխզիջում»։

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը պնդեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում սխալ հաշվարկներ չեն կատարել։

«Նախագահը ապրիլի 24-ից առաջ այս ուղերձով ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը դեմ է ամեն գնով հարաբերությունների կարգավորմանը։ Նախագահը իր ելույթով հստակ այդ սահմանագիծը քաշեց, որ այլեւս Թուրքիան չի կարող այս կամ այն պետությանը մեսիջներ ուղարկել, որ կարիք չկա ճանաչել ցեղասպանությունը, որովհետեւ մենք հաշտեցման գործընթացի մեջ են», - ասաց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. - «Մի կողմից կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը, ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ, այլեւս չունի հետագա քայլերի ծրագիր եւ զբաղված է կիսատ-պռատ, անսկզբունքային եւ անհետեւողական գործողությունների միջոցով սեփական հասարակության եւ միջազգային հանրության առջեւ իր դեմքը փրկելու ապարդյուն ջանքերով»։

Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյան
Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբ, արձանագրություններից վավերացման գործընթացը, թեեւ կասեցված է, սակայն ստորագրված փաստաթուղթը պահպանվում է, ուստի եւ պահպանվում է այդ արձանագրություններից բխող վտանգը։

«Ազատությու» ռադիոկայանի հետ զրույցում Կիրո Մանոյանը ասաց. - «Անհրաժեշտ է վնասազերծել արձանագրությունները, ստորագրությունը հետ կանչելով, ինչը կարծես թե նախագահը չի արել ըստ ուղերձի, որովհետեւ միջազգային գործընկերները նախագահի բառերով «հորդորել են», ես կասեի՝ ճնշել են, եւ այդ պատճառով էլ Հայաստանը ստորագրությունը հետ չի վերցրել առայժմ»։

Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն համոզված է, որ ստորագրությունները հետ կանչելուց հետո՝ «սխալ քաղաքականությունը սրբագրելու համար ինչ-որ գին պետք է վճարենք, բայց դա չարյաց փոքրագույնն է, եթե համեմատենք այն, ինչի վճարելու ենք այդ փաստաթղթերը իրավականորեն կենդանի պահելով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG