Մատչելիության հղումներ

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Սերժ Սարգսյանի որոշումը


Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը գտնում է, որ Հայաստանի նախագահը ճիշտ ժամանակին է ընդունել որոշումը հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասաց հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը։

Չոբոյանի համոզմամբ` նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցելություններից, մասնավորապես վաշինգտոնյան այցից հետո միջազգային հանրության համար հստակ դարձավ, որ Թուրքիայի նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելն է, այլ, ինչպես Հայ դատի հանձնախումբը ժամանակին հայտարարել է` Հայաստանը պատանդի դերում պահելն ու Հայաստանի վրա ճնշումներ գործադրելը։ Հստակ դարձավ, որ Թուրքիայի կեցվածքն այս հարցում դրական չէ։

«Մենք համոզված ենք, որ այդ գործընթացը պետք է շարունակվի` գուցե ոչ այսօր կամ վաղը, բայց ամիսներ, տարիներ անց պետք է վերսկսվի, եւ, մեր կարծիքով, այսօրվա իրողությունից ելնելով` Հայաստանի դիրքերը զորացած են միջազգային ուժերի դիմաց, որովհետեւ մենք տեսնում ենք` բոլորն էլ` Եվրոպայի եւ ԱՄՆ-ի պաշտոնական շրջանակները, համոզվել են, որ Թուրքիան տված խոստումը չի հարգել», - ասաց Հիլդա Չոբոյանն ու ավելացրեց. - «Թուրքիան է, որ հավելյալ պայմաններ պարտադրելով` խոչընդոտեց հայ - թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը»:

Հարցին` արդյոք ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2010 թվականի ապրիլի 24-ին կարտասանի՞ ցեղասպանություն տերմինը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետը պատասխանեց. - «Թեեւ հնարավոր չէ կանխագուշակել, մեր հույսն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն իր խոստումը կհարգի, եւ կարծում եմ, որ ամերիկահայությունը անհրաժեշտ աշխատանքը կատարում է այս ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG