Մատչելիության հղումներ

Օբամայի օրոք աշխարհի վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ կտրուկ լավացել է


Բարաք Օբամա
Բարաք Օբամա

Նախագահ Բարաք Օբամայի իշխանավարության օրոք աշխարհի վերաբերմունքը Միացյալ Նահանգների հանդեպ կտրուկ լավացել է. Համենայնդեպս, այդ է վկայում BBC-ի պատվերով անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումը, որին մասնակցել են երկրագնդի չորս ծայրերում ապրող շուրջ երեք տասնյակ ազգերի ներկայացուցիչներ։

Եթե անցած տարի հարցմանը մասնակցած 28 երկրներից միայն 6-ն էին դրական գնահատել պաշտոնական Վաշինգտոնի ազդեցությունը աշխարհաքաղաքական զարգացումների վրա, ապա այժմ այդ ցուցանիշը եռապատկվել է։

«Միացյալ Նահանգների հանդեպ վերաբերմունքն այսօր ամենադրականն է` Իրաքյան պատերազմի մեկնարկից ի վեր», - BBC-ին ասել է ուսումնասիրության հեղինակ Դար Միլլերը եւ հավելել. - «Թեեւ Վաշինգտոնը իր բարի համբավով դեռեւս հեռու է այնպիսի պետություններից, ինչպիսին են Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, սակայն ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների վարկանիշն աշխարհում բարելավվում է, ինչը Օբամայի քաղաքականության արդյունքն է»։

Ուսումնասիրության համաձայն, մասնավորապես, պաշտոնական Վաշինգտոնի հանդեպ վերաբերմունքը կտրուկ լավացել է հատկապես եվրոպական երկրներում, մասնավորապես Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում։ Դրական փոփոխություններ են արձանագրվել նաեւ մինչ այդ բավական կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկնող Ռուսաստանում եւ Չինաստանում։ Բացառություն են կազմել միայն Թուրքիան եւ Հնդկաստանը. այս երկու պետություններում Միացյալ Նահանգների վարկանիշը նախագահ Բարաք Օբամայի իշխանավարության օրոք անկում է ապրել։ Թուրքիայում Միացյալ Նահանգների քաղաքականությունը դրական է գնահատել հարցվածների 13 տոկոսը` նախորդ տարվա 21-ի փոխարեն, մինչդեռ գերակշիռ մեծամասնությունը` 70 տոկոսը պնդել է, թե Վաշինգտոնը բացասաբար է ազդում գլոբալ զարգացումների վրա։

Հարցման հեղինակները պարզել են նաեւ աշխարհի 29 հազար բնակիչների վերաբերմունքը մյուս գերտերությունների նկատմամբ. ըստ այդմ, ամենադրական համբավը երկրագնդում վայելում է Գերմանիան, երկրորդ տեղում է Ճապոնիան, որին հետեւում է Մեծ Բրիտանիան։

Այս տարի, 2009-ի համեմատ, դրականորեն փոխվել է վերաբերմունքը նաեւ Ռուսաստանի նկատմամբ, հատկապես Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ Միացյալ Նահանգներում։

Ինչպես եւ նախորդ տարիներին, ամենավատ գնահատականն աշխարհում ստացել է Իրանը, բացասական վերաբերմունքի են արժանացել նաեւ Պակիստանը, Հյուսիսային Կորեան եւ Իսրայելը. վերջինի քաղաքականությունը դրական են գնահատել 28 պետություններից միայն 2-ի՝ Միացյալ Նահանգների եւ Քենիայի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG